«Չգիտեմ, կարո՞ղ է ծնվել մի հայ, որ խորին երախտագիտությամբ չհիշի մեծ Վարպետի անունը» (լուսանկարներ)
«Մարտիրոս Սարյանն ապրելը համարում էր հրաշք, զարմանալի ու մեծ երջանկություն, որ երբևէ բնությունը կարող էր պարգևել մարդուն, և նա այդ խոր համոզմամբ ապրեց իր կյանքի տարիները՝ լի վարակիչ կենսախնդությամբ, պաշտեց արևն ու բնությունը և այն հարցին, թե ինչ է անում նա, որ երկար է ապրում, վարպետը պատասխանում էր.-Ես բնության դեմ ոչ մի հակառակ բան չեմ արել, բնությունն էլ սիրում է ինձ» ,- գրել է ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
92 տարի տարի սիրեց բնությունը, հայրենիքը, այդ սերը ներկայացրեց իր արվեստի միջոցով: Ու արդեն մեկ դարից ավելի է, նրան սիրում և պաշտում է հայ ազգը, նրա արվեստը ճանաչող յուրաքանչյուր մարդ:
135 տարի …
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում: Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով անեցի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18 – րդ դարի վերջին Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում:
«Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ: Երևի այն օրերից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական հայրենիքի մասին, այն օրից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով: Գույն, լույս, երազ - ահա ինչով եմ ես այրվել»,- գրել է Սարյանը:
1895 թվականին Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում: Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:
1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող:
1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: «Կյանքիս ամենադժվար շրջանը՝ նախնական որոնումների շրջանն էր, - հիշում է նկարիչը, -տրորված ճանապարհներն ինձ չէին բավարարում… Ես որոշեցի հետևել իմ սեփական ձգտումներին… 1904 թվականից սկսած իմ գործերը ունեին ֆանտաստիկ բնույթ: Ինչ որ նկարում էի, ռեալության և երևակայության միահյուսումն էր, ռեալ, որքան որ այն կատարում էի տեսածի տպավորությամբ, ֆանտաստիկ՝ որքանով, որ այն սինթեզում էի երևակայական տեսիլքի մեջ»:
Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդել է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը: «Ես նպատակ ունեի հասկանալ Արևելքը, գտնել նրան բնորոշ հատկանիշները, գեղանկարչական որոնումներս առավել հիմնավորելու համար, - ասում էր նկարիչը: - Ես ուզում էի հաղորդել Արևելքի իրականությունը, գտնել այդ աշխարհի պատկերման համոզիչ ուղիները»:
1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրել է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձան նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները:
1911 թվականի աշնանը Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված Սարյանի նոր աշխատանքները մեծ հետաքրքրքություն առաջացրին գեղարվեստի աշխարհում: Սակայն նկարչի ստեղծագործության հետագա զարգացումը ընդհատվել է հայ ժողովրդի ողբերգական իրադարձություններով: «Եվ ահա 1915 թվականին ես լսեցի այն փորձանքի մասին, որ նորից բաժին էր ընկել Հայաստանին: Ամենը թողեցի և գնացի հայրենիք: Էջմիածնում և նրա շուրջը ես հանդիպեցի Թուրքահայաստանի եղեռնից փախած մարդկանց խմբերի: Իմ աչքերի առջև մահանում էին մարդիկ, իսկ ես գրեթե ոչնչով չէի կարողանում օգնել նրանց… Ես ծանր հիվանդացա, ինձ տեղափոխեցին Թիֆլիս՝ հոգեկան խոր խանգարման ակնհայտ նշաններով», - հիշում էր Սարյանը:
Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծել է ծանր ապրումներից հետո, դա կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր: Նկարիչը փորձում էր գտնել փրկության ճանապարհը. «Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ»:
1918–1919 թվականներին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը:
Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով 1921 թ. Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնում է հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան, մասնակցում է Երևանի գեղարվեստի ուսումնարանի և կերպարվեստի աշխատողների ընկերության կազմակերպմանը: 1922 թվականին Սարյանի էսքիզներով ստեղծվում են Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը:
Իր արվեստում Սարյանն այս շրջանում ձգտում է պատկերել Հայաստանն իր շոշափելի գոյությամբ:«Ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ մեր այս լեռնոտ հողակտորը... Արագածի լանջին... փաստացի կա, - ասում էր Սարյանը:
«Մեր ժողովուրդը հաստատել է Երկրագնդի մեծ օրենքը՝ միշտ արևի հետ մնալու օրենքը»,- գրել է Սարյանը:
Նկարիչը ուղևորություններ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններ, ստեղծում իր աշխատանքները բնության գրկում: Այդ տարիներին Իտալիայում ապրող հայ մեծն անաստեղծ Ավետիք Իսահակյանը, որը հետագայում դառնում է Սարյանի մտերիմ ընկերը, «Հայրենիք» թերթում (Փարիզ, 5 օգոստոսի, 1924թ.) տպագրում է մի հոդված, որտեղ նկարչի արվեստը գնահատում է, որպես հայ մշակույթի զարգացման համար պատմական խոշոր նշանակության երևույթ: «Նա գիտական հիմքեր է ստեղծում մեր կերպարվեստի համար – գրում է պոետը, - կամ ավելի ճիշտ վերածնում ու զարգացնում է հինը, քանի որ այդ նոր արվեստի տարրերը ապրում են մեր մայր հայրենիքի դարերի խորքում»:
Իտալական մամուլը նույնպես բարձր է գնահատում հայ Վարպետի նկարները: «Սարյանի նկարները հանդիսանում են այնպիսի ուժեղ ու ինքնատիպ խառնվածքի վառ արտահայտություն, որ չեն կարող դիտողի վրա չթողնել ուժեղագույն տպավորություն: Նրա և գույները, և ուրվանկարները ժամանակակից արվեստի որոնումների տեսակետից արժանի են մեծ ուշադրության» - գրել է իտալացի քննադատ Ջ. Սպրովիերին:
1925 թ. Մարտիրոս Սարյանին շնորհվում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում:
1950–60ական թվականներին Սարյանը նկարում է նաև այլ ժամանակակիցների, ոչ այնքան խոշոր, բայց մտածող և իրենց ժամանակի ողջ դրամատիզմը ապրող մտավորականների: Իր դիմանկարների առանձնահատկությունների մասին Սարյանը գրել է. «Մարդուն որպես օրենք ավելի շատ բնութագրում է նրա մտքի շարժումը, զգացմունքների զարգացումը… Բնավորության, դիմագծերի, ներաշխարհի ցուցադրման համար ես ընդհանրացված, խոշորացված և ցայտուն ներկայացնում եմ սովորականն ու ամենօրյան»:
1966 թվականին Մ. Սարյանը ստանում է Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակ: Լույս է տեսնում նկարչի «Գրառումներ իմ կյանքից» հուշերի գիրքը (սկզբից հայերեն, ավելի ուշ հրատարակվեց 4 լեզվով): 1967 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունենուման Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:
Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:
«Մահացավ Մարտիրոս Սարյանը…
Լեռ փլվեց։
Հրաբուխ հանգավ։
Հայ տարածական արվեստի անկրկնելի Վարպետը գնաց հավերժություն։
Փիլիսոփա նկարիչը, մեծ հայրենասերը, մեր պարծանքը լքեց մեզ. տարիներն իրենց սև գործն արեցին, կյանքի օրինաչափությունը նույնիսկ այս անգամ անժխտելի մնաց… Չգիտեմ, կարո՞ղ է ծնվել մի հայ, որ խորին երախտագիտությամբ չհիշի մեծ Վարպետի անունը… Նա եղել է, կա, կլինի՝ որպես մեր ժողովրդի հայրացած զավակը»,- ասել է ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը:
«Արվեստն ունի այնպիսի գաղտնիքներ, որոնք բացվում են ստեղծագործող մարդու առջև… Նկարիչը պետք է կարողանա ոչ միայն նայել բնությանը, աշխարհին, նա պետք է կարողանա տեսնել: Այդ ժամանակ կծնվի իսկական նկարը»:
«Նայել աչքերով և տեսնել սրտով… Երբեմն նայում ես վառ լուսավորված լեռնապարերին և ապշում, թե որքան բազմազան են դրանց երանգները` կատարների բաց երկնագույնից մինչև լանջերի թանձր մանուշակագույնը: Երբ գույների այս ողջ հարստությունը փոխադրում ես կտավի, շատերը զարմանում են՝ մի՞թե լինում են մանուշակագույն լեռներ»:
«Ոճը ինքը՝ մարդն է, ստեղծագործող անհատը: Սա ճիշտ է, վիճել չի կարելի: Բայց նույնքան ճիշտ ու անվիճելի է նաև, որ մարդը որոշակի դարաշրջանի ոճի մեջ է: Եվ եթե նա ետ է մնում իր ժամանակից, մի բան, որ հաճախ է պատահում, նրա մասին խոսելն արդեն ավելորդ է»:
«Աշխարհում ամենից ավելի արևն եմ սիրում: Արևը սիրել՝ նշանակում է սիրել աշխարհը, սիրել հողը և այն ամենը, ինչ կա այդ հողի վրա: Մենք կապված ենք արևի հետ, այն դարերով տանում է մեզ իր հետևից: Դեպի ու՞ր: Հայտնի չէ: Գալիս են նոր սերունդներ, իսկ արևը միշտ մնում է մարդու մեջ, ամեն մեկիս մեջ: Որեմն հավատարիմ մնանք այս մեծ օրենքին: Սիրենք կյանքը, լուսավորը, սերը և արդարացնենք բնության վստահությունը»:
«Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի»։
«Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ»։
«Կյանքը մի կղզի է: Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով: Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ»:
«Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել: Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում: Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է: Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել: Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ: Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»:
«Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնություն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն»։
«Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի»։
Կենսագրությունը, լուսանկարները, ասույթները` sarian.am կայքից: