Ցանկանում են Գյումրիում Ֆիլհարմոնիկ համերգասրահ կառուցել
«Ֆիլարմոնիա պրոդյուսերական կենտրոնը» նախաձեռնել է Գյումրիում համերգային դահլիճի կառուցման ծրագիր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կենտրոնի տնօրեն Նելլի Մովսիսյանը:
«Ֆիլհարմոնիկ համերգասրահ կառուցելու խնդրանքով դիմել ենք Գյումրու քաղաքապետին, ով ոչ միայն ընդառաջեց մեզ, այլ նաև իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեց դահլիճի կառուցման ֆոնդին: Նա մեզ տարածք առաջարկեց նորակառույց Մուշ թաղամասում: Գյումրեցիների շրջանում առարկություններ եղան այս հարցով, քանի որ ցանկանում են շենքը կառուցվի քաղաքի կենտրոնում: Այնուհետև մտածեցինք Գյումրու Ազնավուրի հրապարակի հարևանությամբ կառուցել: Այդ տարածքը Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ է, դիմել ենք մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Պատասխան դեռ չենք ստացել»,- ասաց նա:
Ն. Մովսիսյանի խոսքով, այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար իրենք բարեգործական համերգներ են կազմակերպում ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ այլ մարզերում, Երևանում, նաև Հայաստանից դուրս: Արդեն մեկ համերգ կայացել է Երևանում, երկրորդը նախատեսված է մարտի 1-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում. ասմունքով և երգով հանդես կգան Լիանա Զուրաբյանը և վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը: Նա նաև ասաց, որ չեն սահմանափակվում միայն բարեգործական համերգներով, դիմել են նաև գործարարներին՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:
«Ֆիլարմոնիա պրոդյուսերական կենտրոնի» տնօրենի խոսքով, համերգասրահի շենքի նախագծա-նախահաշվարկային աշխատանքներն ընթացքի մեջ են: Առաջիկա ամսվա ընթացքում պարզ կդառնա, թե ինչքան գումար է անհրաժեշտ: Ըստ նրա, տարբեր հաշվարկներով, անհրաժեշտ կլինի 1-4 միլիոն դոլար:
«Արդեն շինարարական աշխատանքները սկսելու ժամանակ մեջ կօգնի քաղաքաշինության նախարարությունը: Քանի որ այն լինելու է սերունդների կառույց, իր տեսքով, չափանիշներով պետք է համապատասխանի ժամանակակից քաղաքաշինական նորմերին»,- նշեց Ն. Մովսիսյանը՝ հավելելով, որ ցանկանում են այն վերածել նաև միջազգային պրոդյուսերական կենտրոնի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու