Մեծ պահք. Ընդհանրական Եկեղեցու երեք սրբի հիշատակության օրն է
Մեծ պահքի 13-րդ օրն է:
«Սբ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մայր Աննայի հիշատակության օրն է: Մեծ պահքի երկրորդ շաբաթն է մոտենում ավարտին` ուխտավորներիս առաջնորդելով դրախտի արտաքսման իրողության վերապրումից դեպի դարձ և աստվածտեսություն: Այս շաբաթ օրը Եկեղեցին հիշատակում է Ընդհանրական Եկեղեցու երեք սրբերի` սբ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետին, Կյուրեղ եպիսկոպոսին և նրա մայր Աննային: Այս սրբակենցաղ անձերը մեզ օրինակ են ծառայում հավատի հանդեպ նախանձախնդրության և անձնազոհության: Արդարորեն այս օրը մեր հայրերը որպես ընթերցվածք սահմանել են Հովհաննու Ավետարանի 10-րդ գլխում տեղ գտած «Ես եմ լավ հովիվը. լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար…» տերունաբարբառ խոսքերը, որովհետև հիշատակվող սրբերն իսկապես եղան լավ և քաջ հովիվներ իրենց հոտի համար: Նրանք ոչ միայն համարձակ հովվեցին իրենց վստահված երուսաղեմացիներին` պաշտպան կանգնելով ուղղափառ վարդապետությանը, այլև իրենց կրած անօրինակ հալածանքներով ու նահատակությամբ վկայեցին Քրիստոսի հաղթությունը: Հիշատակվող սրբերը հեղված արյամբ ու կյանքով ոռոգեցին նորաբողբոջ քրիստոնեական հասարակության հավատը` դարձնելով այն ամուր և անխորտակելի մի շաղախ, ցույց տալով, որ մահը որևէ իշխանություն չունի քրիստոնյայի վրա:
Պատահական չէ, որ մենք եկեղեցական տարվա ընթացքում մշտապես հիշատակում ենք սրբերին, դիմում ենք նրանց բարեխոսությանը և օգնականությանն իբրև Հաղթական Եկեղեցու: Սակայն նախ և առաջ նրանց հիշատակությունը մեզ համար կարևոր և օգտակար առիթ է` սրբերի վարքերի ընթերցանությամբ զորացնել մեզանում նույն հավատի ապրումը, որը հրաշագործեց նրանց վկայությամբ ու սխրանքներով և հաճախ առաջնորդեց նահատակության:
Շահեկան է այս առումով այսօրվա առաքելական թղթի հորդորը. «Եվ դու քարոզի´ր Աստծու խոսքը, շարունա´կ հայտարարիր այն, ժամանակին լինի թե տարաժամ, հանդիմանի´ր, սաստի´ր, հորդորի´ր` կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով. քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը» (Բ Տիմ. 4.1-3): Մեր մկրտությամբ յուրաքանչյուրիս վստահվել է քրիստոնեական վկայությունը` խոսքով, գործով և անձնական օրինակով և, եթե անհրաժեշտ է, կյանքի գնով: Ուստի, սբ Կյուրեղ հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և Աննայի նման անձանձիր ու նախանձախնդիր լինենք Ճշմարտության և մեր փրկարար հավատի հանդեպ` ջանք չխնայելով հանուն ողջամիտ վարդապետության ճառագման մեզ շրջապատողների սրտերում»,- ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի հետ»
Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք
Մեծ պահք. «Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք»
Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում