Մեծ պահքի խորհրդանշական շղթայի առաջիկա կիրակին
Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, qahana.am կայքի փոխանցմամբ, ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը:
Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. Ընդհանրական Եկեղեցու երեք սրբի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի հետ»
Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք
Մեծ պահք. «Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք»
Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում
Սկսվում է Մեծ Պահքի շրջանը