Սուրենյանց. Ռուսաստանը վճարում է Պուտինի չեկիստական ռեժիմը հանդուրժելու համար
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադառնալով ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը, նշել է, որ Ռուսաստանը վճարում է Պուտինի չեկիստական ռեժիմը հանդուրժելու համար:
Հայ քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մոսկվայում ժամեր առաջ սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Նեմցովին սպիտակ մեքենա է մոտեցել, որից չորս կրակոց են արձակել։ Մեքենան այնուհետ փախել է, իսկ Նեմցովը ստացած վնասվածքներից մահացել է տեղում։ Նեմցովը «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից էր, ռուսաստանյան ընդդիմության հայտնի դեմքերից։ Նա 1991թ. եղել է Նիժեգորոդյան երկրամասի նահանգապետը, ապա եղել է վառելիքի եւ էներգետիկայի նախարար, իսկ 1997թ.՝ փոխվարչապետ։
Նեմցովը Պուտին ռեժիմի ամենաթունդ քննադատներից մեկն էր, ռուսական քաղաքականության ամենալուսավոր դեմքերից մեկը: Ես միշտ տպավորված եմ եղել արագ կողմնորոշվելու նրա ունակությամբ, գիտելիքների խորությամբ, արժեքների նկատմամբ նվիվածությամբ:
Ի դեպ, Նեմցովն այն քիչ ռուսաստանցի գործիչներից էր, ով արագ արձագանքեց Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը՝ հայտելով դիրքորոշումներ, որոնք շատ մոտ էին մեր հասարակության տեսակետներին: Ռուսաստանը վճարում է Պուտինի չեկիստական ռեժիմը հանդուրժելու համար:
Նեմցովն ընդամենը 55 տարեկան էր ու դեռ անելիք ու ասելիք ուներ: Ավաղ, նա այլևս չի խոսելու, իսկ բոլոր այն մարդիկ, ում համար թանկ է դեմոկրատիան՝ նրան կհիշեն հավերժ....»:
Բորիս Նեմցովը սպանվել էր երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Նախորդող հրապարակում՝
Պուտինը պատվիրված և սադրիչ է որակել Բորիս Նեմցովի սպանությունը