The Telegraph. «Հայաստանի հնագույն և էկզոտիկ քաղաքակրթությունը բացահայտված չէ Արևմուտքի համար»
Բրիտանական առաջատար The Telegraph պարբերականը հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանի հնագույն քաղաքականությանը, վերջինիս` Արևմուտքի համար էկզոտիկ ու դեռևս չբացահայտված լինելուն:
Պարբերականի դիտարկմամբ` հայկական քաղաքակրթության այդպիսին լինելու մասին է վկայում այն հանգամանքը, որ օրերս Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջնադարյան հայ հոգևորական Գրիգոր Նարեկացուն «եկեղեցու վարդապետի» աստիճան է շնորհել:
«Սա հազվադեպ կոչում է, որին եկեղեցու պատմության ընթացքում միայն 35 մարդ է արժանացել, այնպիսիք, ինչպիսիք Սուբ Հիերոնիմոսը և Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին են»,- գրում է պարբերականի հոդվածագիր Քրիստոֆեր Հոուսը:
Հեղինակը անդրադառնում է նաև Վենետիկի Սան Լազարիո կղզում գտնվող Մխիթարյան միաբանությանը, քրիստոնյա աշխարհում հայության դերակատարման կարևորությանը` նշելով, որ «Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով ընդունվեց քրիստոնեությունը»:
«Իմ պահարանում մի փոքրիկ գիրք կա, որը ես չեմ կարողանում կարդալ: Այն հայերեն է և ես անգամ չեմ կարողանում գլուխ հանել գրավիչ այբուբենից: Ըստ երևույթին Բայրոնը ճիշտ էր արել, որ 1816 թվականին լեզվի դասեր էր ստացել այն նույն վանքում, որտեղ հրատարակվել է այս նույն գիրքը»,- գրում է հեղինակը:
Վերջինիս դիտարկմամբ` ինքը սկսել է հայերի մասին մտածել, երբ ձմեռային արևոտ մի օր իր ուշադրությունը գրավել էր 1922 թվականին Գալուստ Գյուլբենկյանի ծնողների հիշատակին կառուցված եկեղեցին:
Քրիստոֆեր Հոուսը անդրադառնում է նաև Գրիգոր Նարեկացու կյանքին ու ստեղծագործություններին` բարձր գնահատելով հայկական մշակութային ժառանգության վրա թողած նրա ազդեցությունը:
Քրիստոնեա աշխարհում հայերի կարևորությունը ցույց տալու համար` հեղինակը հիշեցնում է, թե ինչպես էր Ուելսի արքայազնը այցելել հենց հայկական Սուրբ Եղիշե եկեղեցի` այդ կերպ ցանկանալով համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի վատթարացման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու