ՄԱԿ-ն ընդառաջել է Հայաստանին. «Մի փոքր առաջընթաց ենք գրանցել»
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավիայից Ստամբուլ տեղափոխումը համաշխարհային հանրության կողմից ոչ արդարացի վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ, բացի այդ վտանգավոր է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ՀՀ հասարակական դաշինքի» անդամ, բնապահպան, Կարինե Դանիելյանը:
«Սա նշանակում է, որ մենք Հայաստանին վերաբերող որևէ խնդիր, որ պետք է բարձրաձայնենք, Ստամբուլի միջոցով պետք է անենք»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ ասաց, որ այս դեպքում ՄԱԿ-ի հետ աշխատանքները լրացուցիչ դժվարություններ կստեղծի իրենց համար: Նա համոզված է, որ նախաձեռնությունը թուրքական կողմինն է:
Դաշինքի անդամները հայտնեցին, որ իրենք նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ անհամաձայնության հայտնելով:
«Մենք կրկին բարձրաձայնել ենք Հայոց ցեղասպանության հարցը, Թուրքիայի՝ Հայաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններ չունենալու հարցը, բացի այդ ուսումնասիրել ենք ՄԱԿ-ի կանոնադրությունը, պարզել, որ այդ երկիրը չի համապատասխանում այն չափանիշներին, որ անհրաժեշտ է ունենա այն պետությունը, որտեղ պետք է գտնվեն ՄԱԿ-ի կառույցները»,- ասաց Կ. Դանիելյանը:
Ըստ նրա, ՄԱԿ-ից բացատրել են, որ նշանակություն չունի, թե որտեղ է գտնվում կառույցը, երկիրը չի կարող ազդել քաղաքականության վրա. «Մենք համաձայն չենք այս բացատրության հետ: Թուրքիան այդքան գումարներ չէր ծախսի, շենքեր չէր կառուցի: Ազդեցությունը մեծ է լինելու»:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով, արդեն հաստատվել է, որ Թուրքիան ուղղակի սատարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
«Այս պայմաններում տեղին եմ համարում այս նամակի հղումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս հարցում իրենք ունեն նաև պետական աջակցությունը:
Կ. Դանիելյան ասաց, որ սկզբում Հայաստանի իշխանությունները շատ նուրբ էին վերաբերվում այս հարցին, առանձնապես ոչ միայն չէին սատարում իրենց, կոչ էին անում չխառնվել:
«Կարծում եմ՝ իշխանությունների այդ վերաբերմունքը կապված էր հայ-թուրքական արաձանագրություների հետ, չէին ուզում փչացնել իրավիճակը: Հիմա իրավիճակը խիստ փոխվել է, իշխանությունների դիրքորոշումը նույնպես փոխվել է»- ասաց նա:
Կ. Դանիելյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ից իրենց պատասխանել են, որ հայկական կողմը Ստամբուլի հետ չի աշխատի, ռեգիոնալ ծրագրերի դեպքում Հայաստանը կարող է աշխատել անմիջապես Նյու Յորքի հետ կամ ընտրել խաղաղօվկիանոսյան ասիական ռեգիոնը:
«Մի փոքր առաջընթաց ենք գրանցել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ցանկանում են կանխարգելել առաջիկա քայլեր:
Նամակը ստորագրել են ՄԱԿ-ի հետ աշխատող և ՄԱԿ-ի կառույցներում որոշակի կարգավիճակ ունեցող 22 ՀԿ-ի կողմից:
Նշենք, որ նախկինում էլ հայաստանյան ՀԿ-ները նամակ էին հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի հատոկ բանագնացի հետ հանդիպելու համար: