Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանցի դիվերսանտները հանցագործ են
Էդվարդ Նալբանդյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հստակ ընդգծել է հայկական դիրքորոշումը, որ ադրբեջանցի դիվերսանտները հանցագործ են, իսկ հանցագործների նկատմամբ կիրառվում է իրավական սանկցիա, այլ ոչ՝ մարդասիրական մոտեցում, այն էլ Ադրբեջանի նման երկրի պարագայում:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանն իր գործողությամբ անհամատեղելի է քաղաքակիրթ աշխարհում հարաբերությունների կարգավորման այնպիսի հիմնարար արժեքի հետ, ինչպիսին մարդասիրությունն է:
Սա առավել քան հստակ ու, միևնույն ժամանակ, բավական կոշտ դիրքորոշում է այն բոլոր «շահագրգիռ» կողմերի համար, որոնք փորձում են և կփորձեն մարդասիրական սկզբունքների խաղարկմամբ ազդել իրավական ընթացակարգերի վրա և քաղաքական դիվիդենտներ շահել:
Այնտեղ, որտեղ գործ ունենք հանցագործության հետ, ավելորդ դիվանագիտություն բանեցնելու կարիք չկա: Ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ հայկական կողմն առաջնորդվում է ըստ անհրաժեշտության և դրա լեգիտիմությունն աներկբա է:
Այսպիսով, ԱԳ նախարարի հայտարարության մեջ կար մի քանի հստակ ուղերձ, որոնք կարելի է դասակարգել հիմնարար հետևյալ մակարդակներով.
1. Սուբյեկտ-գործառույթ հակասություն. Ադրբեջանը, լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, իր գործառնական դրսևորումներով հակասության մեջ է մտնում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ մարդասիրության նորմերի հետ,
2. Լեգիտիմության դեֆիցիտ. վերը նշված սկզբունքները խախտում են գործողության ու ձևակերպված պահանջների նկատմամբ վստահությունը,
3. Հանցագործության պատժելիության և դրա միջազգային դատապարտման իմպերատիվ. տեղի է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ու ՀՀ քաղաքացիների դեմ ուղղված ծանրագույն հանցանք, որի պատժելիությունն անքննելի է,
4. Հայկական դիրքորոշման հիմնավորում. հաշվի առնելով հիշյալ երեք մակարդակները՝ հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում ոչ միայն գործելու այդ սկզբունքների հիման վրա, այլև պահանջելու միջազգային դատապարտում:
Վահագն Սարոյան, վերլուծաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան