Անվերջ շրջան. Ադրբեջանական կողմը կեղծում է, հայկականը`ուշիուշով հետևում ու վերհանում հակասությունները
Panorama.am կայքի հարցազրույցը Հարավային Կովկասի հարցերով աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ:
-Ադրբեջանում և դրա սահմաններից դուրս ամեն տարի նշում են 1992 թվականի Աղդամյան դեպքերի տարելիցը, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես «Խոջալուի դեպքեր»: Այս տարին ինչո՞վ էր հատկանշական:
- Առաջին հերթին 23-րդ տարելիցն առանձնացավ որոշակի պասիվությամբ ադրբեջանական կողմից իրականացվող մասշտաբային ու նոր միջոցառումների տեսանկյունից: Այս տարի մենք ականատես դարձանք այն բոլոր քարոզչական ստանդարտ մեխանիզմների, որ ադրբեջանական կողմը կիրառում է երկրի սահմաններից դուրս: Հետաքրքիր էր նաև նշել, որ տեղում ծախսատար միջոցառումներին, որոնք հայկական համայնքները հիմնականում կասեցնում են պատասխան ակցիաներով, ադրբեջանական քարոզությունն ավելի ու ավելի է նախընտրում մղվել դեպի վիրտուալ հարթակներ՝ օգտվելով բոտերի ու վճարովի գովազդային ծառայություններից:
-Իսկ ի՞նչ նոր քարոզչական արտադրանք է ի հայտ եկել 2015 թվականին:
-Բացի 10 րոպե տևողությամբ հոլովակից՝ «Արդարություն Խոջալուին» արշավի կողմից, որը լի է սխալներով և բնականաբար չի պարունակում փաստագրական հղումներ ու նոր երաժշտական հոլովակից, այս տարի ադրբեջանական կողմից որևէ այլ նշանակալից քարոզչական արտադրանքի օրինակներ չունենք: Հնարավոր է, որ դա պայմանավորված է լուրջ տնտեսական ու ֆինանսական խնդիրներով, որոնք ծագել են երկրում նավթի գնի կտուկ անկման և ազգային արժույթի արժեզրկման պատճառով: Հավանական է, որ դա նաև կապված է ներքաղաքական իրավիճակի հետ: Ընդդիմադիր ԶԼՄ-ների տվյալներով՝ իշխանության գլխավոր գաղափարախոսը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը, ծանր հիվանդ է և ունակ չի եղել վերահսկել այս տարվա քարոզչական արշավը: Եթե այս երկու ենթադրություններն անհիմն չեն, ապա հարկ է ակնկալել հաջորդ տարի տեմպերի հետագա անկում ևս:
- Ինչպե՞ս է գործել հայկական կողմը:
-Նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա: Քանի որ ադրբեջանական քարոզչությունը տարվա ընթացքում Աղդամյան դեպքերի առնչությամբ վերլուծության ու կեղծարարությունների բացահայտման բազում առիթներ է տալիս, ուստի փետրվարին արդեն մնում է դրանք ներկայացնել հանրության դատին: Հատկանշական է, որ թեման լուսաբանող միջազգային ԶԼՄ-ները սկսել են կասկածի տակ դնել ադրբեջանական վարկածը՝ մեջբերելով հայկական կողմի փաստարկումներն ադրբեջանական վարկածի հակասությունների ու անհամապատասխանությունների առնչությամբ: Դա, իհարկե, պրոֆեսիոնալների խմբի տքնաջան աշխատանքի արդյունք է, որոնք տարի առ տարի մշտադիտարկում, հավաքում ու վերլուծում են ադրբեջանական ապատեղեկատվությունը: Հարկ է նշել, որ մինչ օրս Խոջալուի բնակիչների՝ Աղդամին կից ադրբեջանական դիրքերում մահվան կասկածելի հանգամանքների շուրջ հնչեցրած հարցերին հայկական կողմը թեզիսային ու ըմբռնելի պատասխան չի ստացել: Իսկ բացառապես էմոցիաների, այլ ոչ թե փաստերի վրա հիմնված մինևնույն կեղծարարությունն անվերջ շրջանառելն անհնար է:
-Ադրբեջանում մասնավորապես ի՞նչն են փորձում կեղծել:
-Կատարվածի ցանկացած հանգամանք: 5 տարվա ընթացքում ադրբեջանական կողմը մշտապես մերկացվում է այլ հանգամանքներում ու այլ ժամանակներում արված լուսանկարների կիրառման հարցում: Թվում է, թե ժամանակն է ամաչելու ու դադարեցնելու կցել բուկլետներին, տարածվող տպագիր արտադրանքին Կոսովոյի հակամարտության, Թուրքիայի երկրաշարժերի զոհերի, Համասի զինյալների ու այլոց լուսանկարները: Շնորհակալ ենք, որ գոնե Ռուանդայի ցեղասպանության լուսանկարները չեն շրջանառում: Սակայն, այս տարի ևս, հայկական Սփյուռքի ներկայացուցիչները կրկին հայտնաբերել ու վերցրել են նմանատիպ ֆլայերներ ու պաստառներ: Ենթադրենք, թե գումար չկա նոր օրինակներ տպելու, բայց կարելի է չէ՞ հրաժարվել սեփական քարոզչական ակցիաներում ադրբեջանական կեղծարարությունները մերկացնող հայկական Xocali.net կայքի բաններները ներառելուց: Ընդ որում, հենց ինքը՝ անգլալեզու պաստառը, անմիջականորեն այդ մասին է վկայում, սակայն կարծես թե դա օգտագործողները թերանում են անգլերենի իմացության հարցում:
Բացի այդ, այս տարի վերոնշյալ կայքում հայտնվել են կեղծարարությունների նոր մերկացումներ, որոնց համար առիթ են ծառայել 2014 թվականի ընթացքում «Աղդամյան դեպքերի ականատեսների» վկայությունների հրապարակումները: Այս տարի որպես ադրբեջանական կողմի քարոզչական նոր արտադրանք կարելի է նշել նաև ծավալուն գրքի տպագրումը՝ «ականատեսների վկայությամբ», որից օգուտը գրեթե զրոյական է, քանի որ բացի հայ փորձագետներից, որոնք կեղծարարություններ են բացահայտում, նմանօրինակ գրականությունը շատ քչերին է հետաքրքրում՝ անգամ ադրբեջանցիների շարքերում:
Ադրբեջանական կողմը ոչ մի կերպ չի կարողանում կարգի բերել իր զոհերի ցուցակները, որոնք, բացի այն, որ տարբերվում են միմյանցից և ներառում են դեռահաս տղաների՝ մարտական գործողությունների մասնակիցների անուններ ու այլ հանգամանքներում ու այլ ժամանակներում զոհվածների տվյալներ, նաև չեն ընդգրկում 613 անուն, իսկ այդ թիվը որպես պաշտոնական է հրապարակվել: Ընդ որում, այս տարի ադրբեջանական քարոզչությունը Խոջալու քաղաքի բնակիչների թիվը հասցրել է 7 հազարի, իսկ իրադարձությունները նկարագրելիս հղում է կատարում HRW-ի զեկույցին՝ որպես վստահելի սկզբնաղբյուր, որում միայն 300 զոհ է նշված: Այսինքն, ըստ ադրբեջանական քարոզչության՝ մնացյալ 6300 հոգին անվնաս հասել են Աղդամ: Սա ոչ մի հանգամանքներում չի կարող որակվել որպես «ցեղասպանություն», բացի այդ էլ ապացուցում է հայկական կողմի դիտարկումը մարդասիրական միջանցք տրամադրելու առումով: Եթե վերցնենք 613 անուններով ցուցակը, դրանից դուրս բերենք կանանց, երեխաների ու զառամյալների անունները, ապա կստանանք 347 զինված տղամարդիկ, այսինքն՝ հայտարարված «խաղաղ բնակիչների» կեսից ավելին:
-Այդ մերկացումներին ադրբեջանական կողմից որևէ արձագանք կա՞:
-Ադրբեջանական կողմը պարզապես նախընտրում է անտեսել հասարակ տրամաբանություն պահանջող հարցերը, սակայն դրանից այդ հարցերը չեն վերանում: Չնայած ասեմ, որ ադրբեջանական կողմի արձագանքը լիովին հասկանալի է, քանի որ ամեն նոր փորձն անհամապատասխանություններին նոր արդարացում գտնելու հայկական կողմին ևս մի առիթ է տալիս աղմկահարույց մերկացումների համար: Փաստացիորեն, մենք ընկել ենք մի անվերջ շրջանի մեջ, որում մի կողմը փաստեր չունենալու արդյունքում դիմում է կեղծարարությունների, իսկ մյուսը՝ ուշիուշով հետևում է դրանց ու վերհանում հակասությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան