Հեռաբժշկության ցանցի ստեղծման համար մասնագետների խումբ է ժամանել Հայաստան
Հեռաբժշկության ցանցի ստեղծման առաջին աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել տեխնիկական մասնագետների խումբ:
Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և մարզային 9 բժշկական կենտրոններին կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Դա հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի, ինչպես նաև այլ երկրների առաջատար բժշկական հաստատությունների միջև կազմակերպել մասնագիտական խորհրդատվություն, փորձի և գիտելիքների փոխանակում, ինչը կբարձրացնի հիվանդությունների ախտորոշման և բուժման մակարդակը:
Հեռաբժշկության ցանցի ստեղծումը միաժամանակ կնպաստի բժշկական կազմակերպությունների մասնագետների միջև գիտակրթական կապի հաստատմանը: Հնդկական կողմի աջակցությամբ Հայաստանի բժիշկների, բուժքույրերի, հեռաբժշկության ոլորտում տեխնիկական աշխատողների համար կկազմակերպվեն նաև շարունակական զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր: Հեռաբժշկության զարգացման գործում Հնդկաստանը մեծ փորձ ունի և այդ երկրի աջակցությունը խիստ օգտակար կլինի մարզային բժշկական կենտրոնների աշխատանքի բարելավման, ինչպես նաև հայ մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ: Ծրագրի իրականացումը կարևոր է նաև մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների հոսքը կանխելու տեսանկյունից:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել էր 2014թ. հունիսին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա