Իրանի ԱԳ նախարար. Միջուկային խնդրի շուրջ ձեռք բերվելիք համաձայնությունը կախված է բանակցող երկրների քաղաքական կամքից
«Միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Ժնև: Սույն համաժողովում ելույթ ունենալուց հետո նախարար Զարիֆը կուղևորվի Մոնտրյո, որտեղ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը «Ռոյթերս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Մենք մեր ջանքերը գործադրում ենք այնքան, որքան որ կարող ենք, սակայն Միացյալ Նահանգները և մյուս երկրները պետք է հասկանան, որ միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար պատժամիջոցները պետք է ամբողջովին չեղյալ հայտարարվեն: Միջուկային խնդրի շուրջ ձեռք բերվելիք համաձայնությունը կախված է բանակցող երկրների քաղաքական կամքից»: