Նախատեսվում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացել Հայաստանին նվիրված ցուցահանդես
Հայաստանում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են թանգարանի Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ, համակարգող Գրիֆիտ Մանը և Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Հայաստանում գտնվելու ընթացքում պատվիրակությունը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և այլ պատմամշակութային կոթողներ, տեսարժան վայրեր: Այցի արդյունքների հիման վրա նախատեսվում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացել Հայաստանին նվիրված ցուցահանդես:
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է պատվիրակությանը՝ քննարկելու թանգարանում կազմակերպվելիք ցուցահանդեսի մանրամասները: Ողջունելով հյուրերին, նախարարը նշել է, որ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը հայ մշակույթի հանրահռչակման գործում մեծ դերակատարում ունի, հավելելով նաև, որ թանգարանը համաշխարհային այն կառույցներից է, որոնց վրա է դրված այս կամ այն մշակույթն արժևորելու առաքելությունը: Սյս համատեքստում, Հ. Պողոսյանն անդրադարձել է «Մետրոպոլիտեն» թանգարանում 2014 թ. սեպտեմբերի 22-ին բացված «Ասորեստանից մինչև Իբերիա դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին, որի երկու փուլերը կայացել են 2003 և 2008 թվականներին «Առաջին քաղաքների արվեստը. Ք.ա. III հազարամյակը Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան» և «Բաբելոնից անդին. արվեստը, առևտուրը և դիվանագիտությունը Ք. ա. II հազարամյակում» ցուցահանդեսներով: 2008 թվականի ցուցահանդեսին Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է բրոնզեդարյա մշակույթի եզակի նմուշով:
Հանդիպման ընթացքում «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչները նշել են, որ 2017 թվականին նախանշվող ցուցադրությունը կներառի Հայաստանի միջնադարյան պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ: Նախարար Հ. Պողոսյանն էլ իր հերթին նշել է, որ ծանոթացել է նախատեսվող ցուցադրության հայեցակարգին, արված շեշտադրումներին, որն իր կողմից արժանացել է հավանության, և բոլոր միջոցներն ու հնարավորությունները կուղղվեն ծրագրի իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու