Մեծ պահք. «Սա գագաթնակետն է հոգևոր կյանքի ընկալման»
Մեծ պահքի 15-րդ օրն է:
««Արդ, ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին` Տիրոջը, այնպես էլ ընթացե´ք նրանով` արմատավորված և կառուցված նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ, ինչպես որ ուսանեցիք, որպեսզի աճեք նրա մեջ գոհությամբ» (Կող. 2.6-7): Անառակի կիրակիին հաջորդող այս օրը հետաքրքրական է իր պատգամով:
Մենք, որ կիրակի օրը հրավիրված էինք խորհելու մեր կյանքի մասին, ավագ և կրտսեր որդիների մեջ մեզ փնտրելու, մահվանից դառնալու կյանքի, կորստից դեպի փրկություն, այսօր, ահավասիկ, ականջալուր ենք առաքյալի հորդորին: Իսկ նա մեզ` քրիստոնյաներիս, հրավիրում է մեր կյանքն արմատավորել ու հաստատել Տիրոջ վրա, ընթանալ Նրանով, որովհետև այդպես միայն կարող ենք աներեր մնալ մեր հավատի մեջ և չգայթակղվել ժամանակավոր բարիքներով:
Պատահական չէ, որ նա մեզ ուսուցանում է, թե` եթե մկրտվել ենք` հարություն ենք առել Քրիստոսի հետ, ապա լավ է որ փնտրենք «վերին բաները», խորհենք վերին բաների մասին (տե´ս Կող. 3.1-2): Եթե ճանաչել ենք Քրիստոսին և զգում ենք Նրա քաղցրությունն ու օրհնությունը, ապա պիտի հաստատ մնանք Նրա վարդապետության մեջ, մեկընդմիշտ հրաժարվենք երկրային ցանկություններից ու մեղանչական մեր մարմնից: Մեր մկրտությամբ Տերը մեզ կենդանացրել է` բացելով ճանապարհը փրկության:
Իր խորհրդածությունների մեջ առաքյալն առաջնորդում է մեզ հոգևոր կյանքի գիտակցման մի նոր աստիճանի` այն բարձր գաղափարին, որ Քրիստոս է մեր կյանքը և պետք է ապրել, ընթանալ ու շնչել Նրանով:
Սա գագաթնակետն է հոգևոր կյանքի ընկալման, քրիստոնյայի կյանքի իմաստավորման: Դյուրին չէ անձն ու անձնականն այս պրիսմակով անցկացնել և իրերն ու պարագաները դիտել «կյանք ի Քրիստոս» տեսանկյունից: Սակայն դա պետք է լինի յուրաքանչյուր քրիստոնյայի ձգտումն ու մղումը` թողնելու այն ամենը, ինչ գամում է մեզ երկրայինին, և խորհելու «վերին բաները», գնալու Տիրոջ ետևից:
Իսկ այդ ճանապարհը խաչի ճանապարհ է: Ուստի, ձգտենք հոգևոր կյանքի հասունության և, գնահատելով մեր առջև բացվող բարի հնարավորությունները, ապրենք Քրիստոսով, Ով մեր կյանքն է, և, երբ ժամանակը գա, կարողանանք Նրա հետ «հայտնվել փառքով» (Կող. 3.4),- ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի առաջիկա կիրակին
Մեծ պահք. Ընդհանրական Եկեղեցու երեք սրբի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի հետ»
Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք
Մեծ պահք. «Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք»
Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում
Սկսվում է Մեծ Պահքի շրջանը