Ադրբեջանում կոչ են անում հրաժարվել Եվրոպական խաղերից, իսկ ազգայնականները սպառնում են հայկական հավաքականին
Այն բանից հետո, երբ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Չինգիզ Հուսեյնզադեն հայտարարեց, թե Եվրոպական օլիմպիական խաղերի կազմակերպիչ-երկիրն իր վրա է վերցնում բոլոր 50 մասնակից-երկրների ազգային հավաքականների, այդ թվում` հայկականի կացության ծախսերը, Ադրբեջանում Եվրոպական խաղերից հրաժարվելու կոչերի ալիք բարձրացավ` հաշվի առնելով երկրում ֆինանսական ճգնաժամը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Moderator.az լրատվական կայքը:
Ադրբեջանի քաղաքական ու հասարակական գործիչների կարծիքով՝ մանաթի կտրուկ էժանացման, երկրի տնտեսության` լուրջ խնդիրների առաջ կանգնած լինելու, համաշխարհային շուկայում նավթի գնի զգալի անկման պայմաններում մեղմ ասած նպատակահարմար չէ տնտեսական տեսանկյունից նմանատիպ մասշտաբային միջազգային միջոցառում անցկացնել:
Hurriyet թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն այդ առնչությամբ հիշեցրել է, որ Եվրոպական խաղերն անցկացնելու համար ադրբեջանական կողմն արդեն զգալի ֆինանսական միջոցներ է ծախսել, իսկ ներկայումս տնտեսական լուրջ խնդրի շեմին է:
«Ադրբեջանը հակադրված է համաձայնվել կամ չեղյալ համարել, կամ էլ հետաձգել այդ խաղերը. այն եկամուտները, որոնք պետք է որ թեկուզ մասնակիորեն փակեին կատարված ծախսերը` խաղերը դիտելու եկող զբոսաշրջիկների հաշվին, ճգնաժամի պատճառով իրական չեն թվում»,- հավաստիացրել է նա:
Ադրբեջանական «Քաղաքացիների ու զարգացման կուսակցության» (VIP) առաջնորդ Ալի Ալիևն էլ բողոք է հայտնել մասնակից հավաքականների ծախսերը հոգալու Բաքվի որոշման դեմ՝ պնդելով, թե քանի ուշ չէ, կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի այդ թյուր որոշումը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն իր հերթին ևս նշել է, որ նավթի գների անկման պատճառով Ադրբեջանում բյուջեի հետ կապված խնդիրներ են ծագել, արձանագրվել է մանաթի արժեզրկում, սպասվում է գնաճ` միևնույն ժամանակ հույս հայտնելով, թե այդ ծախսատար միջազգային միջոցառումը դրական կանդրադառնա գոնե Ադրբեջանի իմիջի վրա:
Այդ առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» (ՂԱԿ)՝ հերթական անգամ սպառնալիքներ հղելով հայկական կողմին: «Մենք հնարավորություն չենք տալու Հայաստանի ներկայացուցիչներին գալ Բաքու, հակառակ դեպքում` բոլոր միջոցներից օգտվելու ենք նրանց խանգարելու և անգամ Բաքվից վտարելու համար», -ասել է կազմակերպության ղեկավար Աքիֆ Նաղին ադրբեջանական Faktxeber լրատվական գործակալությանը:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը ծրագրված են 2015-ի հուլիսի վերջին Բաքվում, որոնց վրա միլիարդավոր դոլարներ են ծախսվելու: Խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում դեռևս 2014-ին սկսել են մեծ քանակությամբ բնակելի տներ քանդել մայրաքաղաք Բաքվում:
Նյութեր թեմայի շուրջ`
Բաքվում Եվրոպական խաղերին ընդառաջ ոչնչացվում են նաև կանաչ տարածքներ
EurasiaNet.org. Եվրոպական խաղերը միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների վրա