Թոմաս դե Վաալ. «Անչափ դժվար կլինի վերադառնալ հայ-թուրքական արձանագրություններին»
2015 թվականին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում լուրջ առաջընթաց չի սպասվում: Նման տեսակետ է հայտնել Վաշինգտոնի Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը` «Ամերկայի ձայն»-ին տված հարցազրույցում:
Փորձագետի խոսքով` թեև երկու երկրների հարաբերությունները էական տեղաշարժեր չեն արձանագրելու, բայց այդուհանդերձ արվում են քայլեր, որոնք թեև փոքր են, սակայն օգնում են երկկողմ հարաբերությունների դրական մթնոլորտի ձևավորմանը:
«Կարծում եմ, անչափ դժվար կլինի արձանագրություններին վերադառնալ, որովհետև դրանց նկատմամբ հսկայական բացասական վերաբերմունք կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում»,- անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների ապագային` նշել է փորձագետը:
Այս կապակցությամբ` Վաալը համոզվածություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կարող են լուրջ ջանքեր գործադրել միայն նոր նախագահի օրոք: Ըստ փորձագետի` հայ-թուրքական հարաբերությունների համար կարող է հեռանկարային լինել Հիլարի Քլինթոնի հաղթանակը հաջորդ նախագահական ընտրություններում:
«Ցավոք, երբ Միացյալ Նահանգները նախագահի մակարդակով կենտրոնացնում են ջանքերը մի հարցի վրա և այն տապալվում է, նրանք անցնում են հաջորդ հարցին՝ նախորդ հարցով զբաղվելու ցանկություն չունենալով»,- նշել է Վաալը:
Փորձագետը միաժամանակ հիշեցնում է, որ ԱՄՆ մի քանի նախագահներ օգտագործել են Հայոց ցեղասպանություն եզրույթը:
Մասնավորապես՝ իր նախագահության օրոք Հայոց ցեղասպանության մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը, իսկ ավելի շուտ՝ 1918 թվականին, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը կոչ էր անում պատերազմ հայտարարել Օսմանյան կայսրությանը, քանի որ, Ռուզվելտի խոսքով, հայկական կոտորածները պատերազմի ամենագարշելի ոճրագործություններից մեկն էին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան