«Ազադլիգ». Ադրբեջանի իշխանություններին ծառայող թերթերն Օբամային «բռնակալ» են անվանել
Ադրբեջանի իշխանությունը խախտել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը` դարձյալ մեկնարկ տալով հակարևմտյան արշավին, իշխանամետ թերթերում քննադատություններ հնչեցնելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` նշելով, որ Բաքուն սրընթաց ու կտրուկ կերպով է արձագանքել The Washington Post ամերիկյան պարբերականում Ադրբեջանի կառավարության դեմ հնչեցրած քննադատություններին:
Ինչպես ասվում է նյութում, Ադրբեջանի պետական «Ազերբայջան» թերթը և իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության պաշտոնաթերթը երեկ ԱՄՆ-ի ու այդ երկրի նախագահ Բարաք Օբամայի հասցեին խիստ մեղադրանքներ բովանդակող հոդվածներ են հրապարակել:
Մասնավորապես, «Ազերբայջան» թերթում հրապարակված` «ԱՄՆ-ում առանց դատի ձերբակալություն» խորագրով հոդվածում Օբաման «բռնակալ» է անվանվել` շեշտվելով, թե նա աշխարհի նկատմամբ «արյունոտ քաղաքականություն» է վարում:
«Ժողովրդավարության» և «բարեկեցության» անվան ներքո անցկացվող քաղաքականության աղետալի արդյունքի համար այսօր Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի, Եգիպտոսի և այլ երկրների ժողովուրդները պետք է «երախտապարտ» լինեն Օբամային», -հեգնում է թերթը` պնդելով, թե Բարաք Օբաման իր քննադատներին լռեցնում է ձերբակալություններով և բերելով Գուանտանամո կալանավայրի օրինակը, որտեղ, ադրբեջանական թերթի հավաստիացումներով, իբր «ահաբեկչության» համար մեղադրվող անձինք են պահվում, մինչդեռ Օբաման «իր նախորդների պես ավելորդ է համարում նրանց նկատմամբ արդարացի դատավարության անցկացումը»:
«Օբաման ձերբակալում ու բանտեր է նետում առկա վիճակը քննադատող լրագրողներին ու ակտիվիստներին: Այս ամենն իր ընդդիմախոսների դեմ Վաշինգթոնի ցուցադրած դաժան վերաբերմունքի ապացույցն է»,- գրում է ադրբեջանական թերթը:
Համանման մեղադրանքներով հանդես է եկել նաև «Ենի Ադրբեջան» թերթը` իր` «Կեղտոտ քաղաքականության պատանդ Washington Post-ը» վերնագրով հոդվածում:
«Ազադլիգ»-ն իր հերթին նկատում է, որ ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի` Բաքու այցից հետո Ադրբեջանի ու Վաշինգթոնի միջև կարծես թե որոշ ջերմացում էր սկսել դիտվել, ինչի պատճառն էլ, ըստ թերթի, Նուլանդի հետ պայմանավորվածությունն էր ժողովրդավարական բարեփոխումներ կյանքի կոչելու շուրջ: «Սակայն, երևում է` իշխանությունն այդ համաձայնությունը խախտելու առիթ էր որոնում: The Washington Post թերթի քննադատական հոդվածն իշխանության համար երկնքից ընկած մանանա դարձավ», -եզրափակում է «Ազադլիգ»-ը:
Նյութեր թեմայի շուրջ`
The Washington Post. Իլհամ Ալիևը մոլեգին բռնապետության նշաններ է ցուցաբերում
The Washington post. «Ուփս. Ադրբեջանը հրապարակում է ընտրության արդյունքները մինչ ընտրությունների մեկնարկը»
Washington Post-ն ընդդեմ Washington Times-ի ադրբեջանական քարոզչության