Եվրոպական խաղերին ընդառաջ` շների զանգվածային սպանդ Բաքվում
Ամռանն անցկացվելիք Եվրոպական խաղերին ընդառաջ Բաքուն թափառական շներից մաքրելու համար Ադրբեջանի իշխանություններն իսկական «հիտլերյան ցեղասպանական միջոցառումներ» են իրագործում: Բաքվում թափառական շներին հավաքելու, հրապարակավ գազանաբար սպանելու և այրելու դիակիզարաններ են ստեղծվել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Virtualaz.org կայքը:
Կայքը հայտնում է, որ չնայած այն բանին, որ կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ է հատկացնում Բաքվում թափառող կենդանիների դեմ քիչ թե շատ քաղաքակիրթ պայքարի համար, սակայն, նման կենդանիների թիվը գնալով աճում է, աճում է նաև կատաղած կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակումների թիվը:
«Օրը ցերեկով զենքը ձեռքին շրջում են քաղաքում ու պատահած վայրում մարդկանց ներկայությամբ կրակում շների վրա: Նրանք դրան առարկող քաղաքացիներին անգամ սպառնում են ու կոչ անում չմիջամտել», -տարակուսում է կայքը` հիշեցնելով, թե Ադրբեջանը Կենդանիների իրավունքների պաշտպանության եվրոպական համաձայնագրին միացել է 2007 թ-ի մայիսին:
«Կենդանական աշխարհի պաշտպանության դաշինք» ՀԿ-ի ղեկավար Մանսուրա Ռասուլզադեն կայքի հետ զրույցում հայտնել է, որ չնայած ըստ այդ համաձայնագրի` թափառական կենդանիների դեմ պայքարի աշխատանքը պետք է հանձնարարվեր Պետական անասնաբուժական ծառայությանը, սակայն, այն կցվել է Բաքվի քաղաքապետարանին, որն էլ այդ աշխատանքն իրագործում է` ինչպես ցանկանում է:
Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ 79 հազար շուն սպանող երկրում չպետք է թույլատրվի միջազգային միջոցառումներ անցկացնել: «Քանի որ դա նշանակում է` երկիրը կարանտինի տակ է, համաճարակի վտանգ կա»,- զգուշացնում է փորձագետը:
Կայքը հայտնում է, որ 2011 թվականին «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի շրջանակներում Բաքվում հազարավոր թափառական շներ են ոչնչացվել, ինչը գրավել էր նաև միջազգային մամուլի ուշադրությունը: «Մոտենում են Եվրոպական օլիմպիական խաղերը: Իսկ դա նշանակում է, որ «շնային կոռուպցիան» ավելի շատ կլցնի ոմանց գրպանները», -գրում է կայքը:
Նախորդիվ`
The Guardian. «Amnesty-ն կոչ է անում բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը»
Ադրբեջանում կոչ են անում հրաժարվել Եվրոպական խաղերից, իսկ ազգայնականները սպառնում են հայկական հավաքականին
EurasiaNet.org. Եվրոպական խաղերը միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների վրա