«ՀՀ տնտեսության մեջ հիմնական ներդրումներ կատարողները նույնպես ռուսական ընկերություններն են»
ՌԴ Առևտրա-արդյունաբերական պալատում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի հետ գործակցության զարգացումը. Առանձնահատկություններն ու հեռանկարները» թեմայով կլոր սեղան քննարկում, որտեղ մասնակիցները տեսակետ են հայտնել առ այն, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը անկախ առկա բարդություններից շահավետ է բոլոր կողմերի համար: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության պաշտոնական կայքից:
Տարածաված հայտարարության համաձայն` պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովը վստահություն է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին շահավետ է բոլոր կողմերի համար, անկախ բարդություններից: Վերջինիս խոսքով` հիմնական բարդությունը ընդհանուր սահմանի բացակայությունն է ԵՏՄ երկրների հետ, ինչպես նաև ԱՀԿ անդամակցության տարբերությունները Եվրասիական միության երկրների հետ:
Կլոր սեղան քննարկմանը մասնակից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը նշել է, որ իրապես Հայաստանը 2003-ին անդամակցել է ԱՀԿ-ին շատ լիբերալ պայմաններով և հենց պաշտպանված ապրանքային շուկայի հասանելիությունն էլ եղել է այդ ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու օգտին բերվող փաստարկներից մեկը: Ըստ Մինասյանի` երկիրը վաղուց է ընտրել իր համար տարածաշրջանային ինտեգրումը որպես զարգացման օպտիմալ տարբերակ, ինչը զգալիորեն արագացրել է անդամակցելու գործընթացը:
Կ. Մինասյանը նաև հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, ինչը վերաբերում է ոչ միայն հումքին ու վառելիքին, այլ նաև բարձր հավելված արժեք ունեցող ապրանքներին: ՀՀ տնտեսության մեջ հիմնական ներդրումներ կատարողները նույնպես ռուսական ընկերություններն են, որոնք ապահովում են ներդրումների մոտ 40 տոկոսը: Պակաս կարևոր չէ նաև այն, որ Ռուսաստանում է գտնվում ամենամեծ հայ համայնքը՝ 2 մլն մարդ:
Վերջինիս խոսքով` Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին շահավետ է երկու կողմերի համար էլ, քանի որ առևտրային հարաբերությունների ներուժը Բելառուսի և Ղազախստանի հետ դեռ լիովին չի օգտագործվում, լայն հնարավորություններ են բացվում Հայաստանի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային կոոպերացիայի համար:
ԵՏՄ մաքսային և սակագնային հարցերով դեպարտամենտի տնօրեն Վիտալի Գուդինը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին փուլը պրակտիկորեն ավարտված է: Վերջինս նաև հավելել է, որ Հայաստանի համար սահմանվել է անցումային փուլ, որը սովարաբար տևում է 1-7 տարի: Ըստ նրա, գոյություն ունի 782 անուն ապրանքների բացառման ցուցակ, որոնց դեպքում անցումային շրջանում ՀՀ-ն կիրառելու է ԵՏՄ միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր: Դրանց քանակն ընդամենը 6.7 տոկոս է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան