Վանաձորի բազմազավակ ընտանիքում փոքրիկները սոված են քնում
Վանաձորում ապրող Հասմիկ Աքուլյանի հետ Panorama.am-ի հեռախոսազրույցը տևեց 30-35 րոպե: Ողջ ընթացքում երեխային շնչահեղձ ու խռպոտ հազի ձայն էր լսվում:
«Երեխա՞ն է»,-հարցնում եմ:
«Հա, ցուրտ է, մրսել է, վարակվել է»,-պատասխանում է 35-ամյա կինը:
Ասում եմ՝ զգույշ եղեք, դեղ տվեք, շատ հեղուկ, հետո մի տեսակ ամաչում եմ: Ուտելիք չունեն, դեղ ո՞նց առնեն: Ճիշտ էի: Ասում է՝ դեղ չունենք, թեյն էլ առանց քաղցրի է խմում:
Հազացողը Հասմիկի չորրորդ երեխան է, չորսամյա Արենը: 11, 10, 9 տարեկան աղջիկներին Հասմիկը գիշերօթիկ դպրոց է ուղարկում, Արենն ու մեկամյա Կարենը մոր մոտ են, որտեղ ցուրտ է, օրեր են լինում՝ քաղցած են մնում:
Ընտանիքի հայրը, ինչպես Հասմիկն է պատմում, հարբեցող է, ապրում է Երևանում, անասուն է պահում: Երկու-երեք ամիսը մեկ գալիս է երեխաներին տեսնելու, բերում է քաղցրավենիք, ուրիշ ոչինչ:
Հասմիկի փոքրիկներին պահող չկա, մահացել են հայրն ու մայրը, սկեսուրն ու սկեսրարը: Չի կարող աշխատել, բայց աշխատանք լինելու դեպքում տներ է գնում, կարճատև գործեր անում:
Ամուսնու հետ վեճերը սկսվել են ավագ դստեր ծնունդից հետո: Հասմիկն ասում է, ամեն երեխային ունենալուց հետո հույս ուներ, որ ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Սակայն հույսերն այդպես էլ չարդարացած մնացին:
Հինգ երեխայի համար պետությունը 54 հազար դրամ նպաստ է տրամադրում, ամսվա ապրուստի համար չի բավականացնում:
Վանաձորի Բուլղարական 2-րդ ավանի 156 հասցում գտնվող փայտե տնակում դրած վառարանը սառն է մնացել, փայտ չկա: Էլեկտրական սալիկն էլ չի կարող ցրտին: Բիտոնե հատակն այստեղ երբեք չի տաքանում:
Քաղաքային, մարզային իշխանություններին դիմել են, բայց արձագանք չի եղել:
Աղքատության մեջ հայտնված մորն ու անչափահաս հինգ երեխաներին հարկավոր է ամեն ինչ՝ սնունդ, հագուստ, գրենական պիտույք, սառը բետոնե հատակը ծածկելու կտորներ ու գորգեր: Երեխաները դժկամությամբ են գիշերօթիկ դպրոց գնում, մայրը շատ է ուզում սովորական դպրոց ուղարկելու հնարավորություն ունենա, որ միասին լինեն:
«Շատ վատ վիճակում ենք, ուտելիք չունենք, վառելիք չունենք: Դրա համար երեխեքին տվել եմ գիշերօթիկ դպրոց: 54 հազար նպաստ են տալիս, չգիտեմ կոմունալ ծախսերն անե՞մ, երեխանց հագո՞ւստ, սնո՞ւնդ, ցուրտ է, երեխաներն էդ ցրտից հիվանդանում են, էդ ձևի բաներ էլի»,-ասում է կինն ու լռում:
Ընտանիքի պատմությունը մարդկանց ներկայացրել է Հույս հային նախաձեռոնթյունը՝ ակնկալելով, որ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնության ձեռք մեկնողներ կլինեն: