ԲՀԿ-ում որոշել են կուսակցության նախագահին և տեղակալին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է խմբակցության նիստ: Ծառուկյանը ներկա չի եղել, այն վարել է դեռ խմբակցության քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը: Օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց՝ ԲՀԿ նախագահի և տեղակալի ընտրության հարցը: Պատգամավորները հավանություն են տվել Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ նախագահի պաշտոնում նշանակվելուն, շեշտելով, որ նա կուսակցության ակունքներում է կանգնած, ակտիվ քաղաքական գործիչ է:
Ինչ վերաբերում է ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալին, ապա որոշել են այդ պաշտոնը վստահել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին, ում անունը շրջանառվում էր մի շարք քրեական գործերի շրջանակներում, մասնավորապես՝ Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների փաստով:
ԲՀԿ նախագահի տեղակալի հարցում Վարդան Վարդանյանի թեկնածությունը պնդողները նշել են, որ նա կուսակցության հիմնադիրներից է, պաշտոնը թողնելուց հետո անգամ չի լքել ԲՀԿ-ն, զբաղվել է կուսակցական աշխատանքով: Խմբակցության նիստին մասնակցել են բացառապես պատգամավորները, իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ովքեր արդեն լքել են ԲՀԿ-ն կամ պատրաստվում են լքել: Այս քննարկումներից անմասն և շատ դժգոհ է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմ Աբրահամ Մանուկյանը՝ «Հայկոոպի Աբոն»:
Նա շատ կցանկանար առանցքային դեր ունենալ և կարևոր պաշտոն զբաղեցնել նոր կազմավորվելիք ԲՀԿ-ում, սակայն Ծառուկյանից հետո դա դժվար կլինի: Որոշ ԲՀԿ-ականներ այդքան էլ լավ չեն վերաբերվում նրան, ասում են, թե նա խարդավանքների մեծ վարպետ է: Թեև պակաս վարպետ չի համարվում նաեւ Նաիրա Զոհրաբյանը, ով հաստատ չի ներելու Մանուկյանի՝ իր հասցեին օրերս ասված խոսքը, թե «Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ի՞նչ հակասություն պիտի ունենամ»:
Ի դեպ, ասում են, այս նիստից հետո Աբրահամ Մանուկյանը և մի քանի ԲՀԿ-ականներ հավաքվել են «Տրիումֆ» սրճարանում, քննարկել իրենց հետագա անելիքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին