Վահան Բաբայանը ՀԱԿ-ին այլևս ԲՀԿ գործընկեր չի համարում. «ՀԺ»
ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցներում նշել են, որ չեն ցանկանում մեկնաբանել և գնահատական տալ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Մարտի 1-ի հանրահավաքի ելույթին: Նրանցից ոմանք, սակայն չեն խուսափել խոսել հանրահավաքի մասին, իհարկե ՝ ոչ դրական իմաստով:
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը իր խոսքում հայտարարել է, որ ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում մենակ է մնացել, և կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ՝ երկամսյա հանրահավաքային դադար է վերցնում: Այս հայտարարությունների վերաբերյալ երեկ «Հայկական Ժամանակ»-ը մի քանի հարց է ուղղել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին.
-Պարոն Բաբայան, ինչպե՞ս կգնահատեք Տեր-Պետրոսյանի ելույթը:
-Ցանկություն չունեմ ընդհանրապես մեկնաբանելու:
-Երբվանի՞ց չցանկացաք այլևս մեկնաբանել Տեր-Պետրոսյանին:
-Իր հայտնի սրտի պարտքից հետո:
-Համաձայն չե՞ք Տեր-Պետրոսյանի այն հայտարարության հետ, որ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ը մենակ է մնացել:
-Իհարկե համաձայն չեմ: ԲՀԿ-ին էլ եմ ես տեսնում ընդդիմադիր դաշտում:
-ՀԱԿ նախագահին այլևս չե՞ք համարում ԲՀԿ-ին գործընկեր:
-Իսկ մենք իրեն համարու՞մ ենք մեզ գործընկեր: Ես անձամբ իրեն գործընկեր չեմ համարում, դա իմ կարծիքն է: