Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վարչապետի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթը խաբկանքներով լի ներկայացում է որակել
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ արհեստական ճգնաժամ առաջացրած ուժերը հայտնվել են փակուղում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, նշել է, որ այդ բանակցությունները չեն կարող Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Իսրայելի վարչապետի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթին, մասնավորապես հայտարարել է. «Նեթանյահուի ելույթը խաբկանքներով լի ներկայացում էր: Անկասկած մանկասպան Սիոնիստական ռեժիմը (Իսրայել) չի կարող որևէ ազդեցություն ունենալ միջազգային հանրության հասարակական կարծիքի վրա»:
«Նեթանյահուի հայտարարությունը Իսրայելին աջակցող ուժերի, արմատական խմբավորումների թուլության և մեկուսացման վկայությունն է, այս հայտարարության միջոցով փորձ է արվում անտրամաբանական և ծայրահեղական մոտեցումները պահել միջազգային քաղաքականության օրակարգում»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները՝
Իրանի ԱԳ նախարար. Իսրայելի վարչապետը չի կարող ազդել միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վրա
Իրանի ԱԳ նախարար. Միջուկային խնդրի շուրջ ձեռք բերվելիք համաձայնությունը կախված է բանակցող երկրների քաղաքական կամքից
«National interest». Իսրայելցիների մեծամասնությանը մտահոգում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը