Իսրայելի ԱԳ նախարար. Իրանի հարցում Օբամայի և Լիբերմանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է
«Իրանի միջուկային խնդրի կարգավորման բոլոր տարբերակները պետք է դրվեն բանակցային սեղանին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը:
Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը «Jerusalem Post» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև առկա տարաձայնություններին, նշել է. «Դա ժամանակավոր լարվածություն է, դուք գիտեք, որ դրանք անձնական տարաձայնություններ չեն, դրանք երկու երկրների միջև առկա տարաձայնություններ են»:
Անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին՝ Ավիգդոր Լիբերմանը նշել է, որ Իրանը ոչ միայն Իսրայելի, այլև Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի ամենամեծ մարտահրավերն է:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, նշել է, որ այդ բանակցությունները չեն կարող Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց:
Հիշեցնենք, որ օրերս «National interest» պարբերականում Իրան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ մի հոդված էր թողարկվել, որտեղ հեղինակը, անդրադառնալով Իրանի հարցում Միացյալ Նահանգների և Իսրայելի հարաբերություններում առաջացած տարաձայնություններին, մասնավորապես նշել է. «Եթե Իրանի միջուկային ծրագիրն Իսրայելի համար դիտվում է որպես կենսական սպառնալիք, ապա Միացյալ Նահանգների համար միջուկային Իրանը համարվում է ոչ ցանկալի, սակայն` վերահսկելի»:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վարչապետի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթը խաբկանքներով լի ներկայացում է որակել
Իրանի ԱԳ նախարար. Իսրայելի վարչապետը չի կարող ազդել միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վրա
Իրանի ԱԳ նախարար. Միջուկային խնդրի շուրջ ձեռք բերվելիք համաձայնությունը կախված է բանակցող երկրների քաղաքական կամքից
«National interest». Իսրայելցիների մեծամասնությանը մտահոգում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը