Զոհված փոխգնդապետին ու զինծառայողեն կհուղարկավորեն զինվորական կարգով
Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս ծավալված մարտերի ժամանակ զոհված զինծառայողներ Արտակ Աղեկյանին ու Հայկ Բարոյանին զինվորական կարգով կհուղարկավորեն այսօր՝ Տաշիր քաղաքի գերեզմանատանը:
Panorama.am-ն այս մասին տեղեկացավ Լոռու մարզպետարանից: Արտակ Աղեկյանը ծնունդով Տաշիր քաղաքից է, Հայկ Բարոյանը՝ Սարչապետ համայնքից:
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք Տաշիր քաղաքում մասնակցել են փետրվարի 28-ին ադրբեջանական դիվերսիան հետ մղելու հետևանքով զոհված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի և ժամկետային զինծառայող Հայկ Բարոյանի հոգեհանգստին: Հոգեհանգստի կարգը կատարել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ներկաներն իրենց ցավակցությունը և զորակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին՝ երախտագիտություն հայտնելով նրանց Հայրենիքի քաջարի պաշտպաններ դաստիարակելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:
Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը: Ցուցաբերած արիության համար նրանք պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով: