ԱՄՆ. Իրանի դերը Տիկրիտի վերագրավման հարցում կարող է դրական լինել
Իրանի դերը Իրաքի բանակի կողմից Տիկրիտ քաղաքի վերագրավման հարցում կարող է դրական լինել, հայտարարել է ԱՄՆ զինուժի շտաբի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմպսիին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
«Եթե Իրաքի բանակը և շիա մարտիկներն արդյունավետ գործեն ու ջիհադիստներից ազատեն Տիկրիտը, դա ընդհանուր առմամբ դրական քայլ կլինի ԻԼԻՊ-ի դեմ արշավում»,-Զինված ուժերի հարցերով Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Դեմպսին:
Նրա խոսքով, Իրանի ռազմական օգնությունը շիա միլիսներին նորություն չէ, և այն բացահայտ իրականացվել է Տիկրիտը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններից վերագրավելու գործողություններին նախապատրաստվելիս:
«Դա Իրանի կողմից ցուցաբերված ակնհայտ օգնություն է: Անկեղծ ասած, դա կարող է խնդիր լինել, եթե հանգեցնի սուննիների ու շիաների միջև թշնամանքի»,-ասել է գեներալը` ընդգծելով, որ Վաշինգտոնը չի համագործակցում Թեհրանի հետ, թեև ի դեմս ԻԼԻՊ-ի ունեն միասնական թշնամի:
Նշենք, որ համացանցում մի նկար էր տարածվել, որտեղ Իրանի «Ալ-Քուդսի ուժեր» էլիտար զինվորական ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանը Տիկրիտի մոտ ցուցումներ է տալիս Իրաքի բանակին: