Գրականության ինստիտուտի աշխատակիցները տնօրենի պաշտոնում առաջադրում են Վարդան Դևրիկյանի թեկնածությունը
Գիտությունների Ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտը շուտով կունենա նոր տնօրեն: Ներկայիս տնօրեն Ավիկ Իսահակյանն այլևս չի կարող պաշտոնավարել՝ 65 տարին լրանալու պատճառով: Ըստ կանոնակարգի, նախատեսված է թեկնածուների առաջադրման եռաստիճան համակարգ:
Panorama.am-ի հետ զրույցում ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց, որ, ըստ ընթացակարգի, ինստիտուտի տնօրենի թեկնածու առաջադրում է հենց Գրականության ինստիտուտը, ԳԱԱ հայ գիտական և հումանիտար գիտությունների բաժանմունքը և այդ ոլորտի ութ ակադեմիկոս՝ յուրաքանչյուրը մեկական թեկնածու: Տեսականորեն կարող է լինել 10 թեկնածու: Այնուհետև առաջադրված թեկնածուների կազմից Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը կատարելու է ընտրություն: Պահանջներն են՝ տարիքային ցենզը՝ մինչև 65 տարեկան, գիտական՝ գրականագիտության գծով բանասիրական գիտությունների դոկտոր կամ թեկնածու: Վ. Դևրիկյանի գնահատմամբ, դեմոկրատական է այս մոտեցումը, որպեսզի թեկնածուներն էլ իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին:
Մարտի 3-ին Գրականության ինստիտուտն արդեն ընտրել է իր կողմից առաջադրվող թեկնածուին: 49 հոգուց 33-ը կողմ են եղել Վարդան Դևրիկյանի թեկնածությանը, 11-ը մյուս թեկնածուի (ում անունը Վ. Դևրիկյանը չցանկացավ նշել), 5 ձայն էլ անվավեր է ճանաչվել:
Մինչև մարտի 18-ը ԳԱԱ հայ գիտական և հումանիտար գիտությունների բաժանմունքն ու ակադեմիկոսները կարող են ներկայացնել իրենց թեկնածուներին:
«Ինչ ընտրություն էլ լինի, ինձ համար ընդունելի է: Մեծ աջակցություն էր, որ ինստիտուտի կոլեկտիվն ինձ քվեարկեց: Նրանք քվեարկեցին իմ օգտին իմ վեց տարվա գործունեության, իմ կատարած աշխատանքի համար»,- ասաց Վ. Դևրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա