Իրինա Ալեգրովայի համերգը Երևանում չի կայացել. հանդիսատեսը տեղեկացել է դռների մոտ
Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծրագրված ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը չի կայացել՝ երգչուհու հիվանդության պատճառով: Այդ մասին հանդիսատեսը տեղեկացել է հենց համալիրում, համերգից առաջ, երբ մարդկանց թույլ չեն տվել ներս մուտք գործել, համալիրից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Համերգի կազմակերպիչներն ասել են, որ համերգը կկայանա մեկ ամիս անց՝ ապրիլի 6-ին: Մեր թղթակցի փոխանցմամբ, համալիր ժամանած հարյուրավոր մարդիկ շատ են բարկացել, որ այդ մասին նրանց տեղյակ չեն պահել ավելի վաղ:
Որոշ ժամանակ անց Ալեգրովան հանդես է եկել հայտարարությամբ. «Ես այստեղ եմ՝ Երեւանում, և արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքներն ավելի ուժեղ գտնվեցին: Ես վատառողջ եմ և չեմ կարող այսպես բեմ բարձրանալ: Հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը: Համերգը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին, նույն վայրում և նույն ժամին»: