Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Իրանի՝ հայերի հանդեպ ունեցած հանդուրժողական վերաբերմունքը
«Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Իրանի՝ հայերի հանդեպ ունեցած հանդուրժողական վերաբերմունքը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ մարտի 3-4-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում գումարվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աստվածաբանական երկխոսության 6-րդ նիստը, որին իրանական կողմից մասնակցել է ԻԻՀ Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության պատվիրակությունը:
Արամ Ա կաթողիկոսը համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, նշել է, որ ողջ աշխարհում, հատկապես՝ Միջին Արևելքում խիստ անհրաժեշտ է քրիստոնյաների և մուսուլմանների համագործակցությունը՝ հիմնված փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի վերջին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը այցելել էր Իրան՝ մասնակցելու Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-րդ ամյակին նվիրված միջոցառումներին:
Այցի շրջանակներում Վեհափառը հանդիպում էր ունեցել Իրանի Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության նախագահ Աբուզար Էբրահիմի-Թորքամանի հետ: Հանդիպման ընթացքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով հայ-իրանական պատմական փոխառնչություններին, մասնավորապես նշել էր. «Անկեղծորեն հայտարարում եմ, Իրանի ժողովուրդը հայերի հանդեպ դրական վերաբերմունք ունի: Հայերն ու մուսուլմանները մշտապես կողք կողքի ապրել են խաղաղ և բարեկամական պայմաններում»:
Նկատենք, որ Իրանում գոյություն ունի երկու հարյուրից ավելի հայկական եկեղեցի, որոնցից Ղարաքիլիսայի վանքը Ւրանի կառավարության ջանքերով ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանության ցանկում: Առաջիկայում նախատեսվում է Սպահանի հայկական ս. Ամենափրկիչ եկեղեցին (Վանք) ևս գրանցել այդ ցուցակում:
Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայությանը շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը: