ԲՀԿ-ն նոր խոսնակ ունի, շուտով նաև՝ տարածք
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ժամանակավորապես ստանձնում է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնը: Այս մասին տեղեկանում ենք Վ. Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
Նա մասնավորապես գրել է. «Ինչպես գիտեք իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից։ Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ։ Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք բարդ և պատասխանատու աշխատանք է սպասվում, սակայն պատրաստ եմ աշխատել»։
Տիգրան Ուրիխանյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի գործընկերներին` բոլոր լրագրողներին այս տարիների համագործակցության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը, և այս խոսքերը վերաբերվում են բոլորին առանց բացառության, այդ թվում նրանց, ում հետ աշխատանքային վեճեր կամ տարակարծություններ են եղել»:
Նախօրեին ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ ԲՀԿ մամլո խոսնակը շարունակում է մնալ Տիգրան Ուրիխանյանը:
Նշենք, ավելի վաղ հայտարարվել էր, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը լքել է կուսակցությունը՝ մնալով Ծառուկյանի խոսնակ:
Ի դեպ, կուսակցության նոր խոսնակը Panorama.am-ին ասաց, որ կուսակցության կենտրոնական գրասենյակը կոնյակի գործարանի տարածքից տեղափոխելու են:
«Այժմ տեղափոխման փուլում ենք գտնվում: Տարածք ենք փնտրում, որ կուսակցության կենտրոնական գրասենյակը տեղակայվի նոր հասցեում և նոր շենքում»,- ասաց Վ. Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան