ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ. 20 տարի անց ես կուզենայի հետ նայել ու ասել, որ մենք արել ենք դա, մենք անկախ պետություն ենք
Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողական միությունը կազմակերպել է հանդիպում ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ` միջազգային մակարդակում Արցախի ճանաչման արդի հարցերի, ինչպես և ԱՄՆ-ի երիտասարդությանը հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ իրազեկելու նպատակով:
Մեծ հետաքրքրություն առաջ բերած հանդիպման ընթացքում ներկա են եղել հայ երիտասարդության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ` Կոլումբիայի համալսարանի, ինչպես և Նյու Յորքի այլ բուհերի հայ ուսանողներ:
Պատասխանելով իրավիճակի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցին` Ավետիսյանը նշել է. «15-20 տարի անց ես կուզենայի հետ նայել ու ասել, որ մենք արել ենք դա, մենք անկախ պետություն ենք, և պատերազմի որևէ սպառնալիք գոյություն չունի: Այնուհանդերձ, անհրաժեշտ է գիտակցել, որ այդ ճանապարհը լինելու է բարդ ու պայքարով լի»:
Քննարկումների ընթացքում մասնակիցների կողմից մատնաշվել է նմանօրինակ միջոցառումների կարևորությունն Արցախյան հակամարտության վերաբերյալ իրազեկության բարձրացման, այդ թվում` ԱՄՆ-ի հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու շրջանակներում:
«Պետք է ներշնչել երիտասարդությանը, և նա իրեն Արցախի մի մասնիկը կզգա»,- նկատել է ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը:
Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հանդիպման արդյունքները` Հայ ուսանողական միության նախագահ Հայկ Տեր-Ներսեսյանը նշել է ԱՄՆ-ի երիտասարդ հայ գիտնականների ու մասնագետների համար հանդիպման դրական արդյունքների մասին: «ԼՂՀ անկախությունն անմիջականորեն կապված է մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության հետ: Անհրաժեշտ է գիտակցել, որ դեպի հաղթանակ ճանապարհը ենթադրում է պայքար, հանուն որի էլ մենք պետք է միավորվենք»,- նշել է Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողների ներկայացուցիչը:
Նախորդող`
ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում քննարկմանը
ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը այցելել է Ղարաբաղյան պատերազմի հերոսների հուշակոթող
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան