Խորհրդանիշ «Անմոռուկը» միակն է. մյուս անմոռուկների դեմ պայքար է սկսվել
Հայոց ցեղաասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ մանուշակագույն անմոռուկ ծաղկի օգտագործումը՝ կրծքանշանների, աքսեսուարների անգամ հագուստի վրա, դարձել է մոդայիկ: Սակայն խորհրդանիշ «Անմոռուկը» պաշտպանված է հեղինակային իրավունքներով և դրա օգտագործումը առանց թույլտվության, անօրինական է:
Մասնավորապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ստեղծված կայքում տեղեկանում ենք, որ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում: Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը: Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնակատերերը, ովքեր ցանկություն ունեն օգտագործել «Ամոռուկը» հուշանվերային արտադրություն կազմակերպելու համար, պետք է դիմեն տնօրինությանը:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինության տնօրենի օգնական Քրիստինե Թարջումանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարտի 20-ից հետո Հայաստանի բոլոր հասանելի վայրերում՝ սուպերմարկետներում և վաճառքի այլ կետերում, կբաժանվեն անմոռուկ ծաղկի տեսքով կրծքանշաններ: Կոլեկտիվ հայտեր չեն ընդունվելու:
Դրանց հետ միասին կլինի նաև հանգանակության արկղ, որտեղ կարող են ցանկացողները գումար նվիրաբերել, որը կհատկացվի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման հիմնադրամին:
Մինչ այդ գրասենյակը պայքար է սկսել «Անմոռուկի» ապօրինի օգտագործման դեմ, քանզի խորհրդանիշի հեղինակային իրավունքները պաշտպանված են և դրա ցանկացած օգտագործում պետք է թույլտվություն ունենա: Վերջերս, օրինակ, սոցիալական ցանցերում հայտնվեց մի լուսանկար, որի հեղինակը ընդունում էր վերնաշապիկների պատվերներ, որոնց վրա պատկերված էր անմոռուկը՝ աղավաղված:
«Եթե անօրինական է դա օգտագործվում, ապա համապատասխան իրավապահ մարմինները՝ Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը զբաղվում են նրանց գործունեության կասեցմամբ: Եղել են կայքեր, անհատներ ու կազմակերպություններ, որոնք առանց թույլտվության և աղավաղված օգտագործել են անմոռուկը և դրանց գործունեությունն այժմ կասեցվել է և հնարավորություն է տրվել օրինական կարգով ներկայացնել հայտ: Կան կազմակերպություններ, որոնք դիմել են՝ «Անմոռուկը» օրինական կերպով օգտագործելու համար՝ առանց շեղումների ու աղավաղումների: Վերջնական եզրակացություն կկազմվի և չափի մեջ ու պարկեշտ օգտագործելու հայտ ներկայացրածները դրական պատասխան կստանան»,- ասաց տնօրինության ներկայացուցիչը:
Հայտ ներկայացնողները պետք է պարտավորվեն, որ «Անմոռուկի» տեսքի որևէ շեղում թույլ չտալ, քանի որ ծաղկի յուրաքանչյուր դետալ իր իմաստն ու նշանակությունն ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները