ԲՀԿ-ի հետագա գործունեությունը կախված չէ ԲՀԿ-ից. Ա. Իսկանդարյան
Այն, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն կհռչակի, այլևս որևէ նշանակություն չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքերով, մի քաղաքական ուժ, որը որևէ ազդեցություն չունի քաղաքական գործընթացների վրա, չի կարող դիտվել որպես քաղաքական կուսակցություն. «Իսկ թե հետո ինչ կլինի նրա հետ, կտեսնենք. ՀՀԿ-ն կցանկանա, այն ինչ-որ ձևով կգործի, չի ցանկանա, չի գործի: Ես քաղաքագետ եմ, ոչ՝ հոգեբան»
Ըստ Իսկանդարյանի՝ միակ հետաքրքիր հարցն այն է, Ծառուկյանը կֆինանսավորի՞ կուսակցությունը, թե՞ ոչ: Ծառուկյանին կստիպե՞ն շարունակել ֆինանսավորել, թե ոչ: Դա Իսկանդարյանին հետաքրքիր է ոչ որպես քաղաքագետ, այլ՝ քաղաքացի:
Նրա կարծիքով, քաղաքականությունը շուկա է, ժողովուրդը ընդդիմադիր ուժի պահանջարկ զգում է, բայց առաջարկ չկա. «Տեղի ունեցածը ներքաղաքական կյանքի տրամաբանական ավարտն էր: Հանրապետականները քաղաքական դաշտն իրենց ձեռքն են վերցրել: Նրանք կոալիցիայի կարիք էլ չունեն: Ընտրություններից հետո մնացած բոլոր կուսակցությունները սկսեցին մահանալ: Երեկ այդ գործընթացն էլ մոտեցավ իր տրամաբանական ավարտին»:
Քաղաքագետն ասում է, որ ԲՀԿ-ն մնացած այլ կուսակցությունների հետ կշարունակի մնալ կառավարությունում, բայց բոլոր նրանց նման քաղաքականության մեջ դերակատարում այլև չի ունենա. «ԲՀԿ-ի հետագա գործունեությունը կախված չէ ԲՀԿ-ից»:
«Բազմիցս ասել եմ, հիմա էլ կկրկնեմ Քառյակ կամ Եռյակ երբեք գոյություն չի ունեցել, բայց ժողովրդի աչքին այդ կուսակցություններն ընկալվել են որպես ընդդիմություն: Ներկայումս ոչ մի բան գոյություն չունի՝ բացի ՀՀԿ-ից»,-ընդգծեց նա:
Ամփոփելով խոսքն՝ Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական թիմ, քանի որ հասարակությունն արդեն հոգնել է նույն դեմքերից, իսկ քաղաքագետները՝ կանխատեսելի ելույթներից: