1 ամիս զեղչված հետազոտություն՝ Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում
Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ` մարտի 8-ից ապրիլի 7-ը, Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնը բոլոր կանանց 30 տոկոս զեղչ է առաջարկում` ռադիոլոգիական, գինեկոլոգիական, ուրոլոգիական և ատամնաբուժական ծառայություններից օգտվելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Քաղցկեղի բուժման միակ մեթոդը կանխարգելումն է, իսկ դրա համար մենք պարտավոր ենք առողջ ժամանակ, առանց ախտանիշների, գանգատների դիմենք բժշկի, քանի որ այս ընթացքում հիվանդությունը կարող ենք հայտնաբերել զարգացման վաղ փուլում»,- ասաց Խ.Հակոբյանը:
Նրա խոսքերով` իրենց նպատակն է ակցիայի ժամանակ մեծ թվով կանայք հետազոտվեն, քանի որ հետազոտությունից հետո, երբ վաղ փուլում նրանց մոտ հայտնաբերվում է ուռուցք, ասեղով` ուղեցուցային լոկալիզացիայի արդյունքում վիրաբույժը հեռացնում է նույնիսկ ամենափոքր ձևափոխված բջիջների խումբը և կնոջը փրկում քաղցկեղից: «Սա է նպատակը, որ ուզում ենք մեծ թվով կանայք այցելեն կենտրոն»,- նշեց նա` հավելելով, որ իրենք փորձելու են բոլոր հերթագրվածներին հետազոտել:
Խ.Հակոբյանն ասաց, որ քաղցկեղը ավելի հաճախ հանդիպում է 50-60 տարեկան կանանց շրջանում, սակայն վերջին տարիներին նկատվում է հիվանդության երիտասարդացում: «Ցավոք սրտի, երիտասարդ աղջիկներ կան, ովքեր դիմում են մեզ և նրանց մոտ քաղցկեղ է ախտորոշվում: Իհարկե լինում են դեպքեր, երբ մեզ մոտ են գալիս սխալ ախտորոշումով: Վերջերս մեզ դիմեց 25 տարեկան մի աղջիկ, որի մոտ մեկ այլ կենտրոնում ախտորոշել էին քաղցկեղ, նշանակել էին վիրահատություն, բայց նա մինչ վիրահատությունը նաև մեզ դիմեց, մեր հետազոտությունից հետո` ի ուրախություն այդ աղջկա, իր ընտանիքի` ոչ մի խնդիր նրա մոտ չհայտանբերվեց»,- ասաց Խ.Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ կենտրոնի գոյության 18 տարիների ընթացքում այցելուների թիվը տարեց տարի աճել է, ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 381 հազար հետազոտություն: Կենտրոնում օրական հետազոտվում է 140-150 այցելու:
Ի դեպ, Խ.Հակոբյանը նշեց, որ հանրապետությունում կանանց մոտ կրծքի քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է Գեղարքունիքի մարզում, իսկ վահանաձև քաղցկեղի հիվանդությունները` Սյունիքի մարզում: Նրա խոսքերով` վերջին շրջանում վահանաձև գեղձի քաղցկեղով հիվանդների թիվն ավելացել է, սակայն չի կարող ասել, թե որն է դրա պատճառը:
Նշենք, որ Մամոգրաֆիայի կենտրոնը այցելուներ է ունենում նաև Վրաստանից, բայց այսօր նրանց թիվը նվազել է, քանի որ այնտեղ արդեն գործում է մամոգրաֆիայի կենտրոն: Խ.Հակոբյանի խոսքերով` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլի կինը՝ Սանդրա Ռուլովսը, երբ այցելել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն, դրանից հետո նրա նախաձեռնությամբ Վրաստանում բացվել է մամոգրաֆիայի կենտրոն, որտեղ հետազոտությունը կատարվում է անվճար` պետական ծրագրով:
Հարցին, թե ինչու մեզ մոտ այդ հետազոտությունը նույնպես անվճար չէ, արդյոք այդ հարցով դիմել առողջապահության նախարարությանը, Խ.Հակոբյանը նշեց, որ իրենք էլ են ուզում, որպեսզի մեր երկում նույնպես մամոգրաֆիան անվճար լինի և ամեն տարի այդ հարցով դիմում են ՀՀ առողջապահության նախարարությանը: «Հնարավորություն ունենք տարեկան 300 հազար կնոջ հետազոտել, մինչդեռ այդ թիվը հասնում է 50 հազարի: Մենք ուզում ենք, որ պետությունն այս հարցով զբաղվի: Իհարկե պետական պատվերով հետազոտություններ իրականացվում են մի քանի այլ կենտրոններում, բայց ոչ մեզ մոտ, իսկ մեր կենտրոնը հագեցած է միջազգային չափանիշներով հագեցած սարքավորումներով»,- ասաց Խ.Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա