Բարիտոն Սար Սարգսյանի մենահամերգով հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 7-ին կայանալու է միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր՝ բարիտոն Սար Սարգսյանի մենահամերգը: Կոնցերտմայստեր՝ Անահիտ Դավթյան: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Կամերային երաժշտության տնից:
Համերգի ընթացքում հնչելու է Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները: Համերգը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Սար Սարգսյանը ծնվել է 1981 թ. Արցախի Հադրութ քաղաքում : Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002 թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը` Սվետլանա Աղաջանյանի դասարանը: 2007 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի վոկալ բաժինը` պրոֆեսոր Ս. Կոլոսարյանի դասարանը: 2008 թ. ավարտել է Երևանի պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան /ղեկավար` Ս. Կոլոսարյան/ : «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է (Հայաստան): Մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ ` Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում և Չինաստանում: Կատարել է Գ. Ֆոռեյի «Ռեքվիեմ» – ի մեներգը: Երգացանկում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում նաև էստրադային ժանրում: 2012 թ. լույս է տեսել Սար Սարգսյանի անդրանիկ «Կարոտ» ձայնասկավառակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու