«Կանայք պետք է ըմբռնումով մոտենան տղամարդկանց հնարավորություններին». Մարտի 8-ին ընդառաջ
Մարտի 8-ին ընդառաջ ամեն տարի թանկացումներ են լինում, բարձրանում են հատկապես ծաղիկների գները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ծաղիկներն արդեն այսօր թանկացել են 2 անգամ:
«Եվրոպական շուկայում պահանջարկի դեպքում գինն իջնում է, իսկ մեզ մոտ ասիական բազար է, վաճառվում է, ուրեմն՝ գինը բարձրացնում են»,- նշեց նա:
Սոցիոլոգն ասաց, որ չորս աղջիկ ունի, Մարտի 8-ին նվեր տալու մասին վաղուց է մոռացել. «Կարևորը ոչ թե նվերն է, այլ ուշադրությունը, որ կանայք տեսնեն՝ տոնը հիշում են: Մի շամպայան ունեմ, կբացեմ վաղը»:
Ի դեպ, նա խորհուրդ տվեց կանանց ըմբռնումով մոտենալ տղամարդկանց հնարավորություններին:
Ասուլիսին ներկա «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն էլ ասաց, որ ծաղկի գինը մոտ երեք անգամ թանկացել է. «7,500 դրամով ծաղիկ առնել կլինի»:
Նա էլ է խորհուրդ տաիս տոնը նշել սիմվոլիկ:
Չնայած այս ամենին, Մարտի 8-ը շարունակում է մնալ հայերի սիրած տոներից մեկը՝ Նոր տարվանից, ծննդյան տարեդարձից հետո: Այս մասին է վկայում, ըստ Ա. Ադիբեկյանի, սոցհարցումները, ուսումնասիրությունները:
1857-ի մարտի 8-ին Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները ցույցի են դուրս եկել` պահանջելով աշխատաժամանակի կրճատում ու աշխատանքի պայմանների բարելավում: Այդ ժամանակ տղամարդիկ ստիպված են եղել զիջումների գնալ, և բանվորուհիների պահանջները կատարվել են: Իսկ ահա 1910-ին Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալիստ կանանց միջազգային մի կոնֆերանսում գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկել է տոնել մարտի 8-ը որպես կանանց իրավունքի պաշտպանության և տղամարդկանց իրավունքների հետ հավասարության օր: Եվ ահա այդ ժամանակներից մարտի 8-ը նշվում է որպես Կանանց Միջազգային օր: