Օսկանյանը, հնարավոր է, առաջիկայում վայր դնի նաև մանդատը. «Հրապարակ»
Թեև ԱԺ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առայժմ միայն հրաժարվել է կուսակցական տոմսից, սակայն չի բացառվում, որ առաջիկայում վայր կդնի նաև մանդատը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, ի սկզբանե, նա վճռական է եղել տրամադրված. հայտարարել է, որ կդնի մանդատը և կփակի ԲՀԿ-ի էջն իր կյանքում: Դրանից հետո, մինչև համագումարը, տարբեր անձինք փորձել են նրան համոզել՝ չանել դա:
«Օսկանյանը պնդել է, որ հիասթափված է ԲՀԿ-ից և այդ քաղաքական ուժի վրա ծախսել է իր կյանքի 2.5 տարին: Այնուհանդերձ, բանակցություններն արդյունք են տվել, և առայժմ նա հայտարարել է միայն ԲՀԿ-ից դուրս գալու մասին ու անգամ հաջողություն մաղթել նորընտիր նախագահին, սակայն մտերիմների շրջանում հայտարարել է, որ դեռ չի հրաժարվել մանդատը վայր դնելու մտքից, պարզապես ժամանակավորապես առկախել է այդ հարցը»,-հավելել է թերթը: