Գեներալ Էսմայիլի. Իրանի երկինքն ամենաանվտանգն է Մերձավոր Արևելքում
«Իրանի երկինքն ամենաանվտանգն է Մերձավոր Արևելքում»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ ԶՈւ «Խաթեմօլանբիա» ռազմակայանի համանատար, գեներալ Ֆարզադ Էսմայիլին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով ԻԻՀ ԶՈւ մարտունակությանը, նշել է. «Վերջերս ներկայացրեցինք «Թալաշ 3» հակաօդային պաշտպանության համակարգը, որը նախագծվել և արտադրվել է մեր ռազմակայանի երիտասարդ մասնագետների կողմից: Հակառակորդի բոլոր շարժերը մենք կարողանում են վերահսկել, Իրանի երկինքն ամենաանվտանգն է Մերձավոր Արևելքում»:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը «U 2» մոդելի հետախուզական ինքնաթիռ էին հայտնաբերել: Գեներալ Էսմայիլին հայտարարեց, որ «U 2» մոդելի հետախուզական ինքնաթիռը տարածաշրջանի ոչ մի երկրում չի կարող հայտնաբերվել, սակայն Իրանի ՀՕՊ համակարգերը կարողացել են այն հայտնաբերել:
Ավելի վաղ Իրանի ԶՈւ հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից Նաթանզի շրջանում վնասազերծվել էր իսրայելական արտադրության անօդաչու սարք: Իսրայելական անօդաչու ինքնաթիռի վնասազերծումից հետո Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին հայտարարել էր, որ անօդաչուն Իրանի տարածք է ներխուժել երկրի հյուսիսում գտնվող ԽՄՀՄ նախկին հանրապետություններից մեկից:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ արդեն 100 տոկոսով պարզ է, թե իսրայելական անօդաչուն որ երկրից է մուտք գործել Իրան: Նրա խոսքով՝ Իրանի կողմից կործանված իսրայելական արտադրության անօդաչուն չէր կարող Իսրայելից թռչել: