Փոխհատուցվել է 15 սահմանամերձ գյուղի ուսանողների ուսման վարձը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այսօր ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում փոխհատուցել է Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Պառավաքար, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Խաչիկ սահմանամերձ համայնքներում բնակվող, պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատում սովորող մոտ 140 ուսանողի տվյալ կիսամյակի ուսման վարձը: Այդ ուսանողների ուսման վարձն այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ընդհանուր առմամբ կազմել է մոտ 28 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում է ՀԵՀ մամուլի ծառայությունը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ այս ծրագիրն իրականացվում է առաջին անգամ։
«Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում բացառապես համայնքներից եկած առաջարկներով, ինչը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Մենք տարվա ընթացքում սահմանամերձ համայնքներում բազմաթիվ ծրագրեր ենք ունենում, սակայն մասշտաբներով սա աննախադեպ է»,- ասել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ սահմանապահ համայնքների բնակիչները մշտապես ՀՀ կառավարության և Երիտասարդական հիմնադրամի ուշադրության կենտրոնում են։
Ծրագիրը շարունակական է, և հետագայում Երիտասարդական հիմնադրամը կներգրավի նաև սահմանապահ այլ համայնքներ։
Պառավաքար գյուղից Մելինե Մարգարյանն ապագա իրավաբան է։ Նա սահմանի հարևանությամբ ապրողների համար ոգևորիչ համարեց նախաձեռնությունը։
«Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, որի խնդիրներից է նաև ուսանողների սոցիալական հարցերի լուծումը։ Եվ այս նախաձեռնությամբ, փաստորեն, իրականացվում է այդ առաքելությունը»,- նշել է ԵՊՀ ապագա իրավաբանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, 2014 սեպտեմբերից սկսած, իր միջոցներով փոխհատուցում է նաև պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանող-ծնողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում։
Սեպտեմբերին արդեն իսկ փոխհատուցում ստացել են 2 և ավելի երեխա ունեցող 8 ուսանողներ։ Եվս 9-ի ուսման վարձը կփոխհատուցվի 2-րդ կիսամյակի համար։ Այս նախաձեռնությամբ երիտասարդական հիմնադրամը փորձում է սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն, ինչու ոչ, նաև՝ ծնելիության աճին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա