ԲՀԿ խոսնակ. Կուսակցությունից դուրս է եկել ավելի քան 20 անդամ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, վերջին գործընթացներից հետո, դուրս է եկել 20-ից ավելի կուսակցական: Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանն ասաց, որ որևէ պաշտոնական տվյալ դեռևս չի կարող ասել, թե ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից քանի պատգամավոր է դուրս եկել, իսկ կուսակցությունից՝ 20-ից ավելի՝ համայնքի ղեկավարներ, քաղաքապետեր, պատգամավորներ:
«Խորհրդարանական խմբակցության անդամների վերաբերյալ պաշտոնական թիվ չենք կարող ասել, գործընթացը շարունակվում է: Կարծում եմ, մի քանի օրից գործընթացը կավարտվի ու կունենանք պաշտոնական տվյալներ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Մելիք Մանուկյանը, Գրիգորի Մարգարյանը, Ռուստամ Գասպարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Վարդան Օսկանյանը, Բազմասեր Առաքելյանը, Աբրահամ Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաև ԲՀԿ-ական քաղաքապետեր, համայնքապետեր, Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել:
Վ. Բաբայանի խոսքով, կուսակցությունից դուրս եկող անդամները «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն որևէ պատճառաբանություն չպետք է նշեն իրենց դիմում, թե ինչու են ցանկանում լքել կուսակցության շարքերը: Նրանք, ըստ խոսնակի, պետք է միայն դիմում գրեն, որ այլևս չեն ցանկանում լինել տվյալ կուսակցության շարքերում:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին կայացած ԲՀԿ արտահերթ համագումարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք»:
ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան