Պատգամավոր. Մեր քաղաքականության մեջ ապրիլյան դիվանագիտություն չպետք է լինի
«Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևն օգտագործել ապագայում մեր դիրքորոշումները ներկայացնելու, քաղաքականությունը վարելու ուղղությամբ ոչ միայն եվրոպական ուղղությամբ, նաև ամբողջ աշխարհում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա, փաստաթուղթն ապագայում պետք է ծառայի անհատների, տարբեր խմբերի մակարդակով փոխհատուցման խնդիրները միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար:
«Հույս ունեմ, որ փաստաթուղթն իր ազդեցությունը կունենա, ոչ թե կդառնա հերթական մի փաստաթուղթ, որն ընդունվեց և այլևս որևէ մի ձևով չօգտագործվեց»,- ասաց պատգամավորը:
Թ. Պողոսյանի խոսքով, հայկական կողմի պատկերացումների, քաղաքականության մեջ ապրիլյան դիվանագիտություն չպետք է լինի, պետք է կլոր տարի աշխատեն հաջողության հասնելու համար:
Հիշեցնենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը մարտի 3-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել: «Հայոց ցեղասպանությունն ու Եվրոպական արժեքները» խորագրով բանաձևը ներկայացվել է հայկական երեք ՝ «Հանրապետական», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից: