Ընդամենը 26 գարուն… Դուշման Վարդան… 1966 թ. մարտի 9
Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանի ծննդյան օրն է. 1966 թ. Երևան: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում։ Աչքի ընկել գերազանց առաջադիմությամբ։ Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը։
1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին։ Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի։ Այն մասին, թե ինչն է պատճառը նման որոշման կայացման Վարդանը նշել է. ‹‹Դարավոր թշնամի ունենք, սակայն զինվորական չունենք։ Ամաչում եմ ազգիս զավակների փոխարեն։ Գնում են, դառնում շինարար կամ հնոցապան››։ 1986թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուզում էր արդարության պաշտպան լինել իր ժողովրդի համար։ «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի։ Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»։ Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ։
1988 թվականից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ։
Վարդանը ոչ միայն մասնակցել է զինյալ պայքարին, այլև եղել է բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը և վերջապես՝անվախ հրամանատարը։ Նա Արցախի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր, և Վարդանի զինվորներն այսօր արցախյան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաև ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։
Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար որոնեցին Վարդանին և գտան հայկական գերեզմանոցում։ Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»։ Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից … Վարդանը զոհվեց 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։ «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։
Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին՝ Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում։
Ժողովուրդը մեծ հարգանքով ու հպարտությամբ է հիշում ու գնահատում այն, ինչ արել է իր համար Վարդանը։ Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» և «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով։ Վարդանի անունով է կոչվում ազատագրված Շուշիի փողոցներից մեկը, ինչպես նաև ԵՊՀ ամբիոններից մեկը, բազմաթիվ դպրոցներում կան Վարդանի անունը կրող դասարաններ։
2009 թ. հուլիսի 3-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել էր Վարդանը, կանգնեցվեց նոր հուշարձան։
«Ընդամենը 26 գարուններ անցկացրեց Վարդանը իր պայքարով լի կյանքում: Նրա մահը «Մահ իմացեալ էր»: Նա զոհվեց հանուն Արցախի, հանուն հայրենի հողի ապագայի: Ու կարծես թե նրա համար գրված լիներ Սևակյան հանճարեղ տողը. «Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է»:
Հիմա պայքարն ընթանում է առանց Վարդանի, բայց զինակից ընկերները հավատարիմ են Վարդանի պատգամներին, լավ են հիշում նրա վերջին խոսքերից մեկը. «Ազատության համար պայքարը սուրբ գործ է, երանի նրան, ով Մասիսը տուն կբերի»» (Կամո Ալեքսանյան, dushmanvardanstepanyan.wordpress.com):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան