Թուրքիայի քաղաքացին ազատվել է աշխատանքից` Էրդողանին և Դավութօղլուին քննադատող ֆեյսբուքյան գրառման համար
Թուրքիայի քաղաքացի մի բուժաշխատող ազատվել է աշխատանքից` ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած իր հրապարակումներում երկրի նախագահին ու վարչապետին քննադատելու համար:
Ermenihaber.am լրատվական կայքը, վկայակոչելով թուրքական «evrensel.net» աղբյուրին, հայտնում է, որ Չանաքքալեի նահանգապետարանի Հանրային առողջության վարչությունը տեղեկություն է ստացել Չանաքքալեի մի բժշկական ընկերության սանիտարական մաքրության ծառայության աշխատակցուհի Ա.Ս.-ի վերոհիշյալ գրառումներ մասին, ինչի հիման վրա նահանգապետարանը պաշտոնական գրություն է ուղարկել բժշկական ընկերությանը` «անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու» պահանջով: Գրությամբ, որի վրա եղել է «գաղտնի» կնիքը, պահանջվել է գործել Թուրքիայի Աշխատանքային օրենսգրքի համաձայն և կայացված որոշման մասին գրավոր տեղեկացնել նահանգապետարանին: Նամակին կից ուղարկվել են նաև Ա.Ս. ֆեյսբուքյան հրապարակումների պատճենները:
Այս գրությունը ստանալուց հետո բժշկական ընկերությունն աշխատանքից հեռացրել է քաղաքացուհուն և համապատասխան իրավաբանական աջակցության համար դիմել է փաստաբան Մեհմեթ Բյուլենթ Օթկյունին: Սակայն փաստաբանը չի ցանկացել օժանդակել ընկերությանը` ընդգծելով, որ ընկերության կայացրած որոշումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի` խոսքի ազատության դրույթին, ինչպես նաև`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նմանատիպ դատական գործերում կայացրած որոշումներին: