Պիպոյան. Ձկան գնի անկումը վկայում է, որ արտահանման հետ կապված խնդիրներ կան
Շուկայում ձկան գնի իջեցումն ու ձկնաբույծների դժգոհությունները վկայում են, որ հայ արտադրողներն արտահանման հետ կապված խնդիրներ ունեն: Նման կարծիք Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Ամենևին պատահական չէ, որ ձկնաբուծությամբ զբաղվողները, Ձկնաբույծների միությունը բողոքում են գնի իջեցումից: Ձուկը դարձել է 1450 դրամ, շատ է էժանացել, նման գնով ձուկ մենք տարիներ շարունակ չենք ունեցել»,-ասաց Պիպոյանը:
Խոսելով տեղի ունեցածի պատճառների մասին, Պիպոյանը նկատեց, որ պետությունը գյուղատնտեսության այդ ճյուղը զարգացրել է՝ արտահանման հեռանկարը հաշվի առնելով, սակայն արտահանման այդ ծավալները պետությունը չի կարողանում ապահովել, ռուսական շուկայում գնային պետական վերահսկողություն կա, արդյունքում ունենք արտահանման հետ կապված խնդիր, ինչի հետևանքով էլ գինը նվազեց:
«Առաջին հայացքից թվում է՝ սա սպառողի համար լավ է, սակայն եթե նույն տեմպը շարունակվի, տնտեսությունների որոշ հատված կփակվի շատ արագ: Նրանք տնտեսություն են զարգացրել արտահանման հեռանկարով: Իսկ երբ տնտեսությունները փակվեն, ապա կունենանք ձկան ավելի թանկ գին, քան նախկինում էր»,-հնարավոր զարգացումները շարադրեց ՀԿ նախագահը:
Ինչ վերաբերում է Սննդամթերքի անվտագության ծառայության այն հայտարարությանը, թե ՌԴ ձուկ, ձկնամթերք արտահանելու իրավունք ունեցող 26 ընկերություններից 6-ին հայտնաբերված խախտումների պատճառով արգելվել է արտահանումը, ապա Պիպոյանը նկատեց. «Միգուցե այդ վեց ընկերությունը արտահանածը կազմում է ողջ ծավալի 40 %-ը»:
ՀԿ նախագահի խոսքով, այս պարագայում ճիշտ է ներկայացնել արտահանման ծավալները՝ վերջին երեք տարիների երեք ամիսների կտրվածքով, որպեսզի հասկանալի լինի՝ ինչ է տեղի ունեցել:
Ազգային վիճակագրական ծառայության՝ երկու օր առաջ հրապարակած տվյալների համաձայն, 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.2%, իսկ 2015թ. հունվարի համեմատ՝ 1.9% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 4.0% գնանկումով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները