Գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին
Հայաստանի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ուրբաթ օրը ժամը 17:00-ին պատրաստ է ընդունել Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարազատներին: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Այս մասին այսօր առավոտյան գրավոր ծանուցում է ուղարկվել Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանին, քանի որ դատախազությունը փաստաբանի անունից գրություն էր ստացվել, որով Ավետիսյանների հարազատները խնդրում էին հանդիպում Գլխավոր դատախազի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավետիսյանների հարազատները գնացել էին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի մոտ՝ պահանջելով, որ նա հանդիպում կազմակերպի Գլխավոր դատախազի հետ: Ավետիսյանների հարազատները դժգոհ են, որ իրենք քիչ տեղեկություններ են ստանում գործի քննության ընթացքի մասին:
Գյումրի քաղաքում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Դեպքից հետո Գյումրիում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, պահանջը մեկն էր՝ Պերմյկովին հանձնել հայ իրավապահներին, նրա դատավարությունն ընթանա Հայաստանում՝ հայաստանյան օրենքներին համապատասխան: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Պատասխան դեռևս չկա:
Նախորդող հրապարակումներ՝
Ավետիսյանների հարազատները չեն դիմել ռուսական կողմին` իրավահաջորդ ներգրավելու պահանջով. փաստաբան
Ավետիսյանների հարազատնները փաստաբանների նոր խումբ են ուզում
Ավետիսյանների հարազատները պատասխան չստանալու դեպքում ուրբաթ օրը ցույց կանեն