Պուտինը պարզեցրել է Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների գրանցման կարգը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով վավերացվել է Հայաստանի հետ երկու կողմերի քաղաքացիների համար գրանցման կարգի պարզեցմանն ուղղված համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը:
Փաստաթուղթը նախատեսում է ժամանակավորապես ՀՀ-ի տարածքում գտնվող ՌԴ-ի քաղաքացիներին և ՌԴ-ի տարածքում գտնվող ՀՀ-ի քաղաքացիներին ազատել երեսնօրյա ժամկետում պաշտոնական մարմիններում պարտադիր գրանցման (հաշվառման ներկայանալու) պարտավորությունից:
Մասնավորապես, ՀՀ-ի քաղաքացիները, որոնք նախկինում ՌԴ-ում գտնվելու առաջին 30 օրվա ընթացքում պարտավոր էին ներկայանալ միգրացիոն հաշվառման, այժմ իրավունք են ստանում գտնվելու Ռուսաստանի տարածքում առանց գրանցման ընդհանուր առմամբ 90 օր` 180-օրյա ժամկետում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան, ՀՀ-ի քաղաքացիները կազմում են ԱՊՀ-ի տարածաշրջանից Ռուսաստանան մուտք գործող միգրացիոն հոսքի 5%-ից փոքր մասը: «Մենք այստեղ չենք տեսնում որևէ միգրացիոն վտանգ»,-նշել է Եգորովան` հավելելով, որ հայաստանցի միգրանտների գրանցման այս կարգը արդեն կիրառվում է ժամանակային հիմքով և միգրացիոն իրավիջակի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի ունենում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկու երկրների քաղաքացիների կացության կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014թ.-ի հուլիսի 11-ին Սոչիում: Հայաստանի քաղաքացիների`Ռուսաստանում գտնվելու նոր կարգի սահմանումը պայմանավորված է 2015թ.-ից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցումով: