Թևան Պողոսյան. Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ընդդիմադիրներն ամեն տեղ պետք է առանձին ճանապարհով գնան
«Այնպես չէ, որ այսօր Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, ուղղակի ընկալումն այլ է, տարբերվում է մինչև փետրվարի 20-ը եղած ընկալումից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա, մինչև փետրվարի 20-ը ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի միջև ինչ-որ չափով կար կոնսոլիդացված մոտեցում. նրանց առաջնորդները տարբեր տեսակետներ ունենալով՝ փորձել էին միասին ճանապարհ անցնել:
«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ընդդիմադիրներն ամեն տեղ պետք է առանձին-առանձին ճանապարհով գնան: Անհրաժեշտ է կոնսոլիդացիա: Պետք է ձևավորել ուժեղ, հզոր, այլընտրանքային բևեռ, իսկ կստացվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ընդդիմություն հայտարարելուն, Թ. Պողոսյանն ասաց, որ դա պետք է ապացուցեն իրենց աշխատանքով:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք եռյակի ձևաչափը կվերականգնվի, պատգամավորը նախ ասաց, որ ինքը հոկտեմբերից եռյակում չկա, ապա հավելեց. «Ապագան ցույց կտա: Միգուցե հնգյակ լինի, քանի որ արդեն հինգ ընդդիմադիր ուժ կա Ազգային ժողովում»: