ԲՀԿ-ում ապոկալիպտիկ վիճակ չկա, գրասենյակի հասցեն էլ հայտնի է. Վահան Բաբայան
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու պրոցեսը շարունակական է, և ես այս պահին գնացողների որևէ հստակ թիվ չեմ կարող ասել: Մի քանի օրից պաշտոնական թվեր կհրապարակենք», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօր Կոտայքի մարզի մի քանի համայնքապետեր կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել են, բայց իրենք դիմում չեն ստացել:
Իրավիճակը, ըստ ԲՀԿ-ականի, այս պահին նորմալ է. «Ապոկալիպտիկ վիճակ չկա, ամեն ինչ նորմալ է, ի վերջո, մարդկանց իրավունքն է ընտրել՝ որ կուսակցությունում են մնում: Ես որևէ գնահատակն չեմ ցանկանա տալ»:
Նա տեղեկացրեց, որ գրասենյակի հասցեն արդեն հայտնի է. այն գործելու է Հանրապետության փողոցում, այն շենքում, որտեղ գտնվում է «Ազգ» թերթի խմբագրությունը:
«Առաջին, երկրորդ հարկերը մեր տրամադրության տակ են, և այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Շուտով մենք կտեղափոխվենք, և կուսակցության կենտրոնական գրասենյակը իր բնականոն հունով կաշխատի»,- հավելեց Բաբայանը:
Հիշեցնենք՝ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնը թողնելուց և կուսակցությունից դուրս գալուց հետո մեծ թվով պատգամավորներ ու տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին՝ կուսակցությունը լքելու մասին: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցությունը լքեցին պատգամավորներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Մելիք Մանուկյանը, Գրիգորի Մարգարյանը, Ռուստամ Գասպարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Վարդան Օսկանյանը, Բազմասեր Առաքելյանը, Աբրահամ Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը, իսկ կուսակցությունից հեռացավ ԲՀԿ-ական քաղաքապետեր, համայնքապետեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան