Սպառողական ապրանքների գները հինգ տարվա ընթացքում աճել են 27 տոկոսով. տնտեսագետ
Այս տարվա հունվար և փետրվար ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,8 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նրա խոսքերով` այդ բարձրացումները կարող են տանել բացասական զարգացումների այն պատճառով, որ տնտեսության մեջ աշխատավարձերը չեն աճում ավելի արագ, քան գները:
«Մեր աշխատավարձերը չեն աճում նույն արագությամբ, ինչ սպառման ապրանքները: Գնաճը, ընդհանրապես, այն մեթոդներից մեկն է, որը տանում է զարգացման, մեզ մոտ հակառակն է: Եթե մեզ մոտ մի ապրանքի գինը բարձրանում է, ապա այլևս չի իջնում»,- ասաց տնտեսագետը:
Ըստ Վ.Խաչատրյանի` սպառողական ապրանքների գները հինգ տարվա ընթացքում աճել են 27 տոկոսով, իսկ նման միտումները չեն խոսում տնտեսության կայունության մասին:
Անդրադառնալով Ռուսաստանից եկող տրանսֆերտներին, տնտեսագետը նշեց, որ Ռուսաստանում էլ է կյանքը թանկացել, և այնտեղ աշխատող հայերը կարողանում են հազիվ իրենց խնդիրները լուծել և ավելի գումար չեն կարողանում ուղարկել Հայաստան:
«Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացման դեպքում առաջինը աշխատանքից ազատում են միգրանտներին, իսկ մենք գիտենք, որ տրանսֆերտներն ապահովվում են հենց միգրացիոն հոսքերի շնորհիվ: Սա կանդրադառնա մեր տնտեսության վրա այնքանով, որ կտանի մոտ 50 տոկոսով գնողունակության անկման»,- ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով համաշխարհային շուկայում մետաղի գների անկմանը, տնտեսագետն ասաց, որ մետաղի գների անկումը հետևանքն է այն փաստի, որ համաշխարհային արդյունաբերությանը անհրաժեշտ չէ մետաղը: