Համերգ՝ նվիրված ՀԱՖՆ-ի առաջին ելույթի 90-ամյակին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված ՀԱՖՆ-ի՝1925թ-ի մարտի 20-ին կայացած առաջին ելույթի 90-ամյակին: Ծրագրում՝ Մոցարտ՝ Սիմֆոնիա թիվ 39, Բրուքներ՝ Սիմֆոնիա թիվ 4: Համերգը ղեկավարելու է դիրիժոր՝ էդուարդ Թոփչյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Հայաստանի ազգային (պետական) ֆիլհարմոնիկ նվագախումբը, հիմնադրվելով 90 տարի առաջ Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից, տարիներ շարունակ համարվել է նախկին Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը և այսօր հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն:
Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա.Ադամյանը, Ալ.Սպենդիարյանը, Ս.Չարեքյանը, Գ.Բուդաղյանը, Կ.Սարաջյանը, Մ.Մալունցյանը, Օ.Դուրյանը, Մ.Տերյանը, Ռ.Վարդանյանը, Ա.Քաթանյանը, Դ.Խանջյանը Վ.Գերգիևը, Վ.Պապյանը, Մ.Ավետիսյանը և Լ.Ճգնավորյանը: 2000թ. հոկտեմբերին ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնել է Էդուարդ Թոփչյանը:
Իր հիմնադրման շրջանից նվագախումբը կատարել է գրեթե ողջ դասական երկացակը: Ֆիլհարմոնիկը ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և մտադիր է իր ծրագրերում ներգրավել նոր գործեր, որոնք կարող են հետաքրքրել ինչպես հավատարիմ ունկնդիրներին, այնպես էլ երիտասարդներին և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:
Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Ռենատո Բրուզոնը, Սթիվեն Իսերլիսը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Նատալիա Գուտմանը, Ջուզեպպե Ջակոմինին, Իզաբել Ֆաուստը, Ջուլյա Ֆիշերը, Պինխաս Ցուկերմանը, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը, Պլաչիդո Դոմինգոն, Կիրիլ Գերշտեյնը և այլ հյուրեկ արտիստներ, ինչպես և հայ առաջատար մենակատարներ և սկսնակ խոստումնալից երաժիշտներ: ՀՊՖՆ-ի հետ հաճախակի ելույթ են ունենում նաև հայ անվանի մենակատարներ Սերգեյ Խաչատրյանը, Կիմ Քաշքաշյանը, Սերգեյ Բաբայանը, Իզաբել Բայրաքդարյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ այլոք:
Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Կառլո Ցեկկին, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը, Վալերի Գերգիևը, ով հինգ տարի շարունակ եղել է ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: ՀՊՖՆ-ի հետ սերտորեն համագործակցել են Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան և Ռոդիոն Շչեդրինը: Հեղինակային համերգներով հանդես են եկել Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Քշիշտոֆ Պենդերեցկին և այլ կոմպոզիտորներ:
Սկսած 1989թ. ՀՊՖՆ-ն ակտիվորեն շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Միացյալ Թագավորությունում, Հունաստանւմ, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, Ռուսաստանում, ՄԱԷ-ում: Վերջերս հյուրախաղեր տեղի ունեցան Ճապոնիայում (2008թ.), որտեղ նվագախումբը հանդես եկավ 15 համերգներով, Սլովակիայում և Գերմանիայում (2010թ.) և Իտալիայի Ռիմինի, Չիտտա դե Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքներում անցկացված 4 անվանի փառատոններում (2014թ.): 2015թ-ին նախատեսված են հյուրախաղեր դեպի Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Սկանդինավյան երկրներ:
ՀՊՖՆ-ը թողարկել է ավելի քան 40 ձայնասկավառակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու