Ադրբեջանում զենք-զինամթերք պահելու համար ձերբակալել են հայկական հավաքականին սպառնացող կազմակերպության անդամներին
Ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» երկու ակտիվիստների` Զուլֆյուհար Իբրահիմովին ու Վյուղար Ալիևին ձերբակալել են ադրբեջանական Տերտեր քաղաքում: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական «Հաքքին.ազ» պորտալը, «Ենի Մուսավաթ» թերթին հաղորդել է կազմակերպության նախագահ Աքիֆ Նաղին:
Պորտալը նշում է, որ ձերբակալվածների տների խուզարկման ժամանակ հայտնաբերվել է զենք-զինամթերք: Ձերբակալությունն իրականացրել են Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Նաղին բազմիցս է հանդես եկել հայերին ուղղված սպառնալիքներով: Մասնավորապես, վերջին շրջանում նա հայտարարել է, որ իր կազմակերպությունը թույլ չի տա հայկական հավաքականին գալ Բաքու և մասնակցել Եվրոպական խաղերին:
Հավելենք նաև, որ վերոհիշյալ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» հայտնի է այս կամ այն առիթով Ադրբեջան ժամանած հայ պատվիրակների ու մարզիկների դեմ ուղղված սադրանքներով: Այսպես, 2014-ի հունիսին Բաքվում կազմակերպության անդամները բողոքի ակցիա էին անցկացրել Flame Towers համալիրի մոտ, որտեղ անցկացվում էր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նստաշրջանը: Ակցիայի մասնակիցները բողոքում էին դրան հայ պատգամավորների մասնակցելու դեմ: Ավելի վաղ` նույն տարվա մարտին, կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում սպառնացել էր Բաքվից վտարել ԱՊՀ անդամ երկրների ԶՈւ ԳՇ պետերի նստաշրջանի հայաստանյան ներկայացուցչին: Իսկ ահա 2011-ին կազմակերպության անդամները, ներխուժելով Հեյդար Ալիևի անվան մարզահամալիր, սկսել էին քարեր նետել հայ մարզիկների վրա, որոնք մասնակցում էին Բաքվում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Սպասելով հայ մարզիկների դուրս գալուն` նրանք սկսել էին բղավել «Հայե´ր, հեռացե´ք», «Խայտառակություն հրավիրողներին», «Ղարաբաղ կամ մահ» նշանաբանները` քարկոծելով Հայաստանից ժամանած մարզիկներին:
Նյութեր թեմայի շուրջ`
Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին
Ադրբեջանում ռուսական ջարդերի կոչ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան